Օգոստոսի 13-ի նիստում Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցությունները, նպատակ ունենալով արագացնել Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների յուրաքանչյուր թեկնածության շուրջ ձևական քննարկումները, եկան ընդհանուր հայտարարի՝ էապես կրճատելով ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ ցանկացող անձանց թիվը։

Արդյունքում խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանին խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացրեց ելույթ ունեցողների կրճատված ցուցակը։

Բանն այն է, որ պատգամավորները այս կամ այն պաշտոնի թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուց և վերջինիս՝ իրենց հարցերին պատասխանելուց հետո կարող են գրանցվել և ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից՝ ներկայացնելով թեկնածուի վերաբերյալ իրենց կարծիքն ու տեսլականը։ Նախորդ օրը այդ նպատակով գրանցվել էր 36 պատգամավոր։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուրն, ըստ ԱԺ կանոնակարգի, դրա համար ունի 10 րոպե։

Source: https://news.am/hy/news/1055146