Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են կազմակերպության ղեկավարներն ու հայաստանցի գործարարներ, այցելել է Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի, նախագահության և անդամների հետ։ Կողմերը քննարկել են կարգավորման ընթացիկ գործընթացի դրական ազդեցությունը, սահմանային անցակետի բացման հարցն ու այդ գործում պալատի դերը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը հայտարարել է, որ կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման, առկա խնդիրների լուծման և առևտրի զարգացման ուղղությամբ։

«Մեր գործունեությունն ու ծրագրերը տարիների պատմություն ունեն։ Դրա համար մեզ շատերն են քննադատել, հատկապես՝ Հայաստանում։ Այդուհանդերձ, մենք երբեք չենք հրաժարվել մեր աշխատանքից։ Մեր նպատակն է եղել բարելավել երկու երկրների հարաբերությունները, դյուրացնել փոխադարձ այցելություններն ու զարգացնել առևտուրը», — նշել է նա՝ հավելելով, որ նախկինում նմանատիպ աշխատանքներ են տարվել նաև Դիարբեքիրի, Կարսի և Իգդիրի հետ։

Ղազարյանը տեղեկացրել է, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակությանը և նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական ու մշակութային կապերը երկու հարևան պետությունների միջև։

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացնում են երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Դրա հիմնական գործընկերներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Հրանտ Դինքի հիմնադրամն ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV)։

Ղազարյանը նաև նշել է, որ երկու երկրների ղեկավարությունները դրական են վերաբերվում հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը շարունակվում է նաև Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո։

«Սահմանային անցակետերի բացման հարցը նախկինի պես մնում է օրակարգում, սակայն դեռ մեծ ծավալի աշխատանք կա անելու։ Այժմ մեր ցանկությունն է բացել սահմանն ու ուղիղ կապեր հաստատել ձեզ հետ։ Սեպտեմբերին նախատեսում ենք Երևանում անցկացնել կարևոր հանդիպում՝ ձեր մասնակցությամբ։ Հյուրեր ենք սպասում Կարսից, Իգդիրից և Վանից, բայց կցանկանայի կրկին ընդգծել, որ հենց դուք պետք է գլխավորեք այդ պատվիրակությունը։ Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների հետ։ Կցանկանայինք սեպտեմբերյան այդ հանդիպման ժամանակ ձեզ դիմավորել «Ալիջան» սահմանային անցակետում։ Սա կլինի սահմանի խորհրդանշական հատում, և առաջինը դրանով պետք է անցնեն հենց գործարար աշխարհի ներկայացուցիչները», — հայտարարել է նա։

Ղազարյանի խոսքով՝ հայկական կողմը Վան է ժամանել 16 հոգանոց պատվիրակությամբ և թուրքական կողմին արդեն փոխանցել է պատասխան այցի հրավերը։

Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն իր հերթին հայտարարել է, որ պատմական կապերի ու ընդհանուր մշակութային ժառանգության շնորհիվ Հայաստանը միշտ էլ դիտարկվել է որպես կարևոր շուկա և մի երկիր, որի հետ անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը։

«2014 թվականից ի վեր մենք աշխատում ենք հենց այդ նպատակով՝ զարգացնել հարաբերությունները, առևտուրն ու դյուրացնել մեր արևելյան հարևանների հետ կապերը», — նշել է նա։

Թաքվանն ընդգծել է, որ Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է ցանկացած նախաձեռնության ու համագործակցության՝ երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար։

Նա հիշեցրել է, որ դեռ 2019 թվականի հուլիսի 15-17-ը պալատի 23 հոգանոց պատվիրակությունն այցելել էր Երևան, թեև այն ժամանակ նմանատիպ որևէ ծրագիր դեռ չի եղել։

«Ոմանք մեզ ասում էին, թե Վրաստանի տարածքով գնալն աննպատակահարմար է։ Սակայն մենք, առաջնորդվելով այն համոզմունքով, որ առևտրի համար սահմաններ չպետք է լինեն, այցելեցինք Երևան։ Հենց այդ ժամանակ էլ ձեզ Վան հրավիրեցինք։ Ուստի ձեր այսօրվա այցը մեզ համար մեծ նշանակություն ունի։ Ձեզ հյուր մի՛ զգացեք, այլ համարեք ձեզ մարդիկ, ովքեր կապված են այս քաղաքի հետ։ Վանի առևտրաարդյունաբերական պալատը ձեր տունն է։ Մենք կիսում ենք պարոն Ղազարյանի այն երազանքը, որ միասին նավ կառուցենք։ Հավատում եմ, որ այդ նավով մենք ճանապարհ կբացենք դեպի ամբողջ աշխարհ», — հայտարարել է նա։

Source: https://news.am/hy/news/1047123