Այս տարվա գարնանը ինձ բախտ վիճակվեց դառնալ Ramadan Journey Fam Trip-ի մասնակիցը. սա թեմատիկ ճանաչողական տուր էր, որը կազմակերպել էր Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը։ Մի քանի օր շարունակ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից ժամանած գործընկերներիս հետ միասին ես ծանոթանում էի էմիրության մշակութային ժառանգությանը, այցելում նրա գլխավոր տեսարժան վայրերը և բացահայտում Ռամադանի ավանդույթները։
Բացի հագեցած էքսկուրսիոն ծրագրից, մասնակիցները (դրանց թվում՝ տուրգործակալները) հնարավորություն ունեցան անձամբ հանդիպել ավիաընկերությունների, հյուրանոցների և էմիրության հիմնական զբոսաշրջային հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ Աբու Դաբիի առաջարկներին ավելի խորությամբ ծանոթանալու համար։
Գարնանային սեզոնին եղանակը շատ հարմարավետ էր զբոսանքների համար, սակայն էմիրությանը ծանոթանալուց հետո կարող եմ վստահորեն ասել. եթե ձեր արձակուրդը միայն ամռանն է, և առավել ևս, եթե ունեք դպրոցահասակ երեխաներ, համարձակորեն ընտրեք այդ ուղղությունը։ Այն մոտ է, հասանելի և շատ հետաքրքրաշարժ։
Բարձր ջերմաստիճանը Աբու Դաբիի համար վերջին տասնամյակների մարտահրավեր չէ, այլ դարեր շարունակ ամենօրյա կյանքի մի մաս։ Այս հողերի բնակիչները հնուց ի վեր սովորել են հարմարվել շոգ կլիմային՝ մշակելով ճարտարապետական հատուկ լուծումներ, օրվա ռեժիմ և ավանդույթներ, որոնք հնարավորություն են ընձեռում հարմարավետորեն գոյատևել անապատի պայմաններում։
Այսօր այդ բազմադարյա հարմարվողականությունը համադրվում է առաջատար տեխնոլոգիաների հետ։ Մտածված քաղաքային միջավայրը, փակ օդորակվող անցումներն ու կանգառները, ժամանակակից զվարճանքների համալիրներն ու մեծ թվով փակ տարածությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս գրեթե կախվածություն չունենալ ամառային տապից։ Եվ կարելի է համարձակորեն ուղևորվել նույնիսկ անապատ։
Անապատում գոյատևելու համար ամենակարևորը ջուրն է՝ այն գտնելու, ուղղորդելու և բաշխելու հմտությունը։ Հազարավոր տարիներ առաջ Արաբական թերակղզու անապատների բնակիչները հորինել են ոչ միայն այն, թե ինչպես հորատել ջրհորը և այնտեղից ջուր հանել, այլև ինչպես այն ուղղորդել գետնի տակով և օգտագործել ոռոգման նպատակով։ Ինչպես նաև (և սա ամենաեզակին է այս պատմության մեջ)՝ ինչպես այն արդարացիորեն բաշխել բոլորի միջև։ Դրա շնորհիվ դեռևս հնում առաջացել է Ալ-Այն օազիսը՝ «Քաղաք-այգին», որը ծաղկում է մինչ օրս և այսօր ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Ֆալաջը ոռոգման համակարգ է, որը ջրի մատակարարման համար օգտագործում է միայն ձգողականության ուժը։ Սկզբում կառուցվում է ջրհոր, որը հասնում է ստորգետնյա ջրերին, այնուհետև՝ թեթև թեքությամբ երկար ջրանցք (երբեմն մի քանի կիլոմետր), ինչն ապահովում է ջրի մշտական հոսքը։ Երբ ջուրը հասնում է օազիս, այն ուղղվում է դեպի փոքր ջրանցքների ցանց՝ բաշխվելով բնակավայրի ամբողջ տարածքով։ Ուշագրավ է, որ հնում ջրի չափման միավորը ոչ թե դրա ծավալն էր, այլ օգտագործման ժամանակը։ Ֆալաջը հաճախ համեմատում են հին հռոմեական ակվեդուկների հետ։ Տարբերությունն այն է, որ հռոմեացիները կառուցում էին բաց ջրատարներ, իսկ Արաբիայի բնակիչները ստեղծել էին ստորգետնյա ջրանցքների ցանց, որտեղ ջուրը գրեթե չէր գոլորշիանում, ինչը չափազանց կարևոր է շոգ անապատի համար։
Այս մանրամասներին կարելի է ծանոթանալ Ալ-Այնի թանգարանում. դա ԱՄԷ-ի ամենահին թանգարանն է, որը ստեղծվել է շեյխ Զայիդ Ալ-Նահյանի նախաձեռնությամբ 1969 թվականին՝ դեռևս ԱՄԷ-ի կազմավորումից առաջ։ Թանգարանը ակնառու վկայությունն է այն բանի, որ թեև Արաբական Միացյալ Էմիրությունները աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկն է, հողը, որի վրա այն գտնվում է, պահպանում է մարդկանց բազում սերունդների կյանքի հիշողությունը։
Բրոնզե դարի զենքերը, գործիքները, խեցեղենը, հնագույն զարդերն ու կնիքները պատմում են այն մասին, որ տարածաշրջանի բնակիչները դեռևս մի քանի հազար տարի առաջ առևտրային ուղիներով կապված են եղել Միջագետքի, Իրանի և Ինդոսի հովտի հետ։ Իսկ ձիերի ու ուղտերի թաղումները վկայում են այն մասին, որ դեռևս երկաթե դարում այստեղով քարավաններ են անցել։
Ալ-Այն տարածաշրջանը ԱՄԷ երկրորդ նախագահ և երկրի հիմնադիր շեյխ Զայիդի որդի՝ շեյխ Խալիֆա բին Զայիդ Ալ Նահյանի ծննդավայրն է։ Քասր Ալ-Մուվայջի ամրոցը Նահյան ընտանիքի տոհմական նստավայրն է։ Աղյուսե պատեր, խստակյաց կահավորանք, շքեղության բացարձակ բացակայություն. ահա թե ինչպես էր ապրում երկիրը, այդ թվում՝ նրա կառավարիչները, մինչև նավթի հայտնաբերումը։
Դժվար է նկարագրել այն զգացողությունը, երբ բարձրահասակ ընձուղտը, կռանալով, գլուխը մտցնում է էլեկտրական բաց մեքենայի պատուհանից, որպեսզի քո ձեռքից համտեսի իր սիրելի ուտելիքը։ Երբ նա երկար լեզվով ձեռքիցդ վերցնում է գազարը և օրորվելով հետ քաշվում։
Ընձուղտներն այստեղ խմբերով հանգիստ շրջում են անտառակում՝ չվախենալով ո՛չ ավտոմեքենաներից, ո՛չ մարդկանցից։
Նույն տեղում քայլում են զեբրերն ու ռնգեղջյուրները, և միայն վիթերն են վախվորած պոկվում տեղից՝ լսելով ավտոմեքենաների ձայնը։
Դրանք դամա վիթերն են՝ ամենահազվագյուտ տեսակներից մեկը, որը փրկվել է հենց այս կենդանաբանական այգու ստեղծման շնորհիվ։ Այստեղ ոչնչացումից փրկել են նաև արաբական օրիքսին (կլորեղջյուր անտիլոպին), որը ԱՄԷ-ի ազգային խորհրդանիշն է, ինչպես նաև ավազաբլրային կատվին։ Նրանց բազմացնում են անազատության մեջ (եթե, իհարկե, 560 ֆուտբոլային դաշտի չափ այս հսկայական տարածքը կարելի է անազատություն անվանել), իսկ հետո բաց թողնում վայրի բնություն։
Առյուծները հպարտորեն բազմել են բլրակի վրա և «վերևից» նայում են այն ամենին, ինչ կատարվում է շուրջը։ Կենդանաբանական այգու տարածքն այնպես է կառուցված, որ գիշատիչները նույնպես ազատության մեջ են զբոսնում, սակայն հնարամտորեն ստեղծված արգելքների շնորհիվ երբեք չեն կարող հայտնվել այնտեղ, որտեղ գտնվում է իրենց «հավանական զոհը»։
Al Ain Zoo-ն, ինչպես և ԱՄԷ-ի բոլոր տեսարժան վայրերը, ստեղծել է երկրի հիմնադիր շեյխ Զայիդը։
Ռամադանը մահմեդականների սրբազան ամիսն է, և Աբու Դաբիում այս ընթացքում յուրահատուկ մթնոլորտ է տիրում։ Ամեն ինչ ենթարկվում է ամսվա ռիթմին՝ արթնանալ մինչև արևածագը, ծոմ պահել, աղոթել, բարի գործեր անել և սնունդ ընդունել միայն արևամուտից հետո։ Իֆթարը՝ բազմաժամյա ծոմից հետո առաջին սննդառությունը, կարելի է կիսել հարազատների ու ընկերների հետ՝ վայելելով քաղցր արմավներ և հատուկ ուտեստներ։
Եթե դուք զբոսաշրջիկ եք, ուրեմն ձեզ արգելված չէ ցերեկը սնվել հասարակական վայրերում։ Շատ սրճարաններ և ռեստորաններ աշխատում են սովորական ռեժիմով՝ հատուկ զբոսաշրջիկների համար։ Բայց բաց մի թողեք Աբու Դաբիում իֆթարի մասնակցելու հնարավորությունը, որպեսզի ավելի լավ զգաք տեղական մթնոլորտը և հաղորդակից դառնաք տեղի մշակույթին։
Պարզվում է՝ մոտ 7 միլիոն տարի առաջ ներկայիս Աբու Դաբիի տարածքը շատ ավելի կանաչ և ջրառատ է եղել և բոլորովին նման չի եղել ժամանակակից անապատին։ Այն բնակեցված է եղել հնագույն փղերով, անտիլոպներով և այլ զարմանահրաշ կենդանիներով։ Դրա մասին տեղեկանում ես Բնական պատմության թանգարանում, որը Սաադիյատ «երջանկության» կղզու նոր, եզակի թանգարաններից մեկն է։
Դա մի հսկայական ֆուտուրիստական շենք է, որը կարծես վեր է հառնել անապատի ժայռերից և կրկնում է դրանց ձևերը։
Այստեղ դուք սկսում եք ժամանակի միջով 13,8 միլիարդ տարի ձգվող իսկական ճանապարհորդությունը։ Դուք պատմությանը չեք նայում կողքից, այլ դառնում եք դրա մասնակիցը։ Այստեղ օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաները լիարժեք ընկղմման էֆեկտ են ստեղծում։
Այցելուներին, որպես հնագույն մոլորակի «տեսուչ», դիմավորում է Stan անունով տիրանոզավրի հսկայական կմախքը։ Ոսկորների վրա ապաքինված կոտրվածքների հետքերը պատմում են միլիոնավոր տարիներ առաջ ծանր վնասվածքներ վերապրած այդ հնագույն գիշատչի կյանքի դրամատիկ պատմությունը։
Հսկայական զաուրոպոդներ, 25-մետրանոց կապույտ կետ, ամենափոքր հնագույն արարածներ, որոնց կարելի է տեսնել միայն մանրադիտակի տակ, և հայտնի Մերչիսոնյան երկնաքարի բեկորը, որի տարիքն ավելի մեծ է, քան մեր մոլորակի տարիքը։ Կանգնելով այս փոքրիկ քարի առաջ՝ դժվար է հավատալ, որ այն տեղեկություններ է պահպանում Արեգակնային համակարգի ձևավորման ամենավաղ փուլերի մասին։
Մեծ պայթյունից հասնում եք մինչև մեր օրերը, իսկ ի՞նչ է լինելու հետո։ Ինտերակտիվ ինստալյացիաները պատմում են Երկրի ապագայի մասին։ Դրանք հիշեցնում են մոլորակի փխրունության և դրա ճակատագրի համար մարդու ունեցած պատասխանատվության մասին։
Այստեղից դուրս ես գալիս մի մտքով՝ անպայման վերադառնալ ևս մեկ անգամ։ Որովհետև «մեկ գիշերն» այս թանգարանում ակնհայտորեն բավարար չէր, և այս ֆիլմին շարունակություն է պետք։
Սա Սաադիյատ կղզու թանգարանային համալիրի նոր օղակն է. այստեղ ներկայացված է Էմիրությունների կայացման պատմությունը և մի մարդու՝ շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ Նահյանի կյանքը, ում անունն անխզելիորեն կապված է երկրի ծննդի հետ:
Դեպի երկինք խոյացող բազեի հինգ թևերը խորհրդանշում են բազեորսը՝ բեդվինների կարևոր սովորույթը: Սակայն այս թևերն այստեղ միայն գեղեցկության համար չեն. դրանք աշխատում են որպես քամու աշտարակներ՝ օգնելով հովացնել թանգարանի ներքին տարածքները:
Հենց մտնում ես թանգարանի կենտրոնական սրահ, հայացքդ իսկույն գամվում է Մագանի հսկայական նավին, որը կարծես նոր է վերադարձել հազարամյակների միջով կատարած ճանապարհորդությունից: Ավելի քան չորս հազար տարի առաջ Մագանը (այսպես էին շումերներն անվանում ժամանակակից ԱՄԷ-ի և Օմանի տարածքը) Մերձավոր Արևելքում ծովային առևտրի և պղնձի արդյունահանման կարևորագույն կենտրոններից էր։ Հենց այսպիսի նավերով էին այստեղից բեռներն ուղարկվում Միջագետք և Ինդոսի հովիտ։
Դժվար է հավատալ, որ սա ոչ թե հնագիտական գտածո է, այլ հնագույն առևտրային նավի ճշգրիտ վերակազմությունը։
Բրոնզե և երկաթե դարաշրջանի առարկաներ, խեցեղեն, զարդեր, աշխատանքային գործիքներ, մետաղադրամներ, ինչպես նաև հնագույն լեզուներով արձանագրություններով կավե սալիկներ. սրանք փաստում են, որ ԱՄԷ երկրի և նրա երկնաքերերի հայտնվելուց դեռ շատ առաջ այստեղ ապրել են առևտրականներ, հողագործներ և արհեստավորներ։ Բեդվինների թամբերը, զենքերը, նավագնացության գործիքներն ու կենցաղային իրերը պատմում են այն մասին, թե ինչպես են մարդիկ դարեր շարունակ գոյատևել ավազների մեջ:
«Աբու Դաբիի մարգարիտը» տարածաշրջանում հայտնաբերված հնագույն բնական մարգարիտներից է։ Այն գտել են Մարավա կղզում՝ մոտ ութ հազար տարվա հնություն ունեցող նեոլիթյան բնակավայրի պեղումների ժամանակ։ Այս գտածոն հաստատեց, որ Պարսից ծոցում մարգարիտ են արդյունահանել գրավոր պատմությունից դեռ շատ առաջ։
Ցուցադրություն շեյխ Զայիդի կյանքի և գործունեության մասին. լուսանկարներ, փաստաթղթեր և տեսանյութեր, որոնք պատմում են, թե ինչպես փոքր իշխանություններից առաջացավ մի պետություն, որն այսօր դասվում է աշխարհի ամենաժամանակակից երկրների շարքին։ Այստեղ ներկայացված է մի մարդու ուղին, որը կարողացավ միավորել էմիրությունները, նավթից ստացված եկամուտները ներդնել երկրի զարգացման՝ կրթության, բժշկության ու ենթակառուցվածքների մեջ, և միաժամանակ պահպանել ժողովրդի ավանդույթները։
Սաադիյատ կղզում, որտեղ կենտրոնացված են Աբու Դաբիի հիմնական մշակութային օբյեկտները, տեղակայված են ևս երկու եզակի թանգարաններ՝ աշխարհահռչակ Louvre Abu Dhabi-ն, ինչպես նաև teamLab Phenomena Abu Dhabi արվեստի տարածքը, որտեղ թվային տեխնոլոգիաները, լույսն ու արվեստն այցելուներին ընկղմում են ինչ-որ ֆանտաստիկ իրականության մեջ։
Այս թանգարանների շենքերն իսկ արդեն ինքնատիպ արվեստի գործեր են, իսկ դրանց կողքին շուտով իր դռները կբացի նոր ճարտարապետական և տեխնոլոգիական գլուխգործոցը՝ Guggenheim Abu Dhabi-ն։
Source: https://news.am/hy/news/1046679