Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում Թուրքիայից կորիզավոր պտուղների մատակարարումների նկատմամբ, հինգշաբթի հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»:
Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից, արգելքի տակ կհայտնվի թուրքական հինգ ձեռնարկությունների արտադրանքը՝ ծիրան, կեռաս, բալ, դեղձ և նեկտարին։ «Որոշումն ընդունվել է կորիզավոր արտադրանքի մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման կապակցությամբ»,- հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։ Թե հատկապես ինչ օրգանիզմներ են հայտնաբերվել թուրքական մրգերում, գերատեսչությունը չի հստակեցրել։
Իր որոշման մասին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Կիևում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հանդիպումից մի քանի ժամ անց։ Դրա արդյունքներով Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է միանալ Կիևի անվտանգության երաշխիքներին և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին գլխավորել այդ երաշխիքների ծովային բաղադրիչը։
«Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի Սև ծովի վրա։ Սև ծովում նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավերի գնդակոծությունները, խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգն անընդունելի են»,- ասել է Ֆիդանը։ Նա հավելել է նաև, որ Անկարան անշեղորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վերահաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը Ղրիմի անօրինական բռնակցման վերաբերյալ։
Այժմ Թուրքիան չի մտնում Ռուսաստան կորիզավոր պտուղների խոշորագույն մատակարարների թվի մեջ: Անցյալ տարի դրանց գլխավոր արտահանողներն էին Ուզբեկստանը (180 հազար տոննա), Ադրբեջանը (111 հազար տոննա) և Հայաստանը (64 հազար տոննա)։
Թուրքիան, այդուհանդերձ, Ռուսաստան ցիտրուսային մրգերի գլխավոր մատակարարն է (599 հազար տոննա), ինչպես նաև զբաղեցնում է երկրորդ տեղը ձմերուկի և սեխի մատակարարումներով (16 հազար տոննա)՝ Ուզբեկստանից հետո (335 հազար տոննա)։
Source: https://news.am/hy/news/1050261