Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է «Երուսաղեմի նահանգապետ դառնալու» ցանկության մասին։
«Թող Ալլահն ինձ հնարավորություն տա դառնալու Երուսաղեմի նահանգապետ»,- շաբաթ օրը կենտրոնական Չորում նահանգում անցկացված կուսակցական միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին։
Նրա խոսքերն արտացոլում են Թուրքիայում տիրապետող հասարակական տրամադրությունները. Անկարան հետևողականորեն հանդես է գալիս ի պաշտպանություն պաղեստինցիների՝ իսրայելական ճնշումների և պաղեստինյան հողերի բռնազավթման ֆոնին։
Չիֆթչին, որը նախկինում զբաղեցրել է նահանգներից մեկի նահանգապետի պաշտոնը, ելույթ է ունեցել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, որտեղ բարձր է գնահատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի ձեռք բերած հաջողությունները։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու «Կըզըլ Էլմա»-ին («Կարմիր խնձոր») հասնելու համար,- նշել է նախարարը՝ հղում անելով թուրքական առասպելաբանության այն հայեցակարգին, որը նշանակում է նվիրական բարձրագույն նպատակ։- Ինչպես որ մենք ականատես եղանք Դամասկոսի, Հալեպի և Ղարաբաղի ազատագրմանը, Աստված տա, կտեսնենք նաև Երուսաղեմի ազատագրումը»։
ՆԳՆ ղեկավարը պատմել է, որ դեռևս Էրզրումի նահանգապետ եղած ժամանակ (նախքան այս տարվա սկզբին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելը), ինքն Ալլահին խնդրել է «թեկուզ մեկ օրով որպես նահանգապետ ղեկավարել Երուսաղեմը»։ «Ես հավատում եմ, որ Ամենաբարձրյալը մեզ դա կպարգևի։ Ես սրտանց հավատում եմ դրան։ Ապագայում դա կարող է իրականություն դառնալ, որովհետև մենք ունենք համաշխարհային առաջնորդ»,- հավելել է Չիֆթչին՝ նկատի ունենալով Էրդողանին։
Այն բանից հետո, երբ Չիֆթչին իր ելույթի տեսագրությունը հրապարակեց X սոցիալական ցանցի իր օգտահաշվում, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ կտրուկ հերքմամբ՝ թուրք նախարարին խորհուրդ տալով «արթնանալ և սուրճի բույրը զգալ»։
«Կոռումպացված Օսմանյան կայսրությունը մնացել է անցյալում։ Ընդմիշտ»,- X ցանցում հայտարարել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով, որ Երուսաղեմը «կմնա Իսրայելի հավերժական մայրաքաղաքը։ Ընդմիշտ»։
Source: https://news.am/hy/news/1042104