Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են նավթի ու գազի շրջանակներից դուրս իրենց էներգետիկ գործընկերությունը՝ անցում կատարելով էլեկտրաէներգիայի փոխանցմանը և «կանաչ» էներգետիկ միջանցքների ստեղծմանը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, փոխանցում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ շաբաթվա բացմանը՝ Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան և Հարավարևելյան Եվրոպայի երկրները աշխատում են տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել TANAP-ի էլեկտրաէներգետիկ տարբերակը»,- հայտարարել է Բայրաքթարը՝ նկատի ունենալով Տրանսանատոլիական գազատարը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Եվրոպա։

Առաջիկա տասնամյակի ընթացքում Թուրքիան նախատեսում է 30 միլիարդ դոլար ուղղել էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման իր համակարգի արդիականացմանը, որպեսզի այն հարմարեցնի վերականգնվող, ինչպես նաև ատոմային էներգիայի արտադրության ծավալների աճին։

Անկարան մտադիր է նաև արդիականացնել իր էլեկտրական ցանցերի կապը արևելյան հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև եվրոպական հարևանի՝ Բուլղարիայի հետ՝ էներգիայի ավելցուկի առևտրով զբաղվելու նպատակով։

Source: https://news.am/hy/news/1040028