Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հնարավոր է, ստիպված լինեն կրկին հարված հասցնել Իրանին, եթե բանակցություններն առաջիկա օրերին համաձայնության չհանգեցնեն։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների առջև՝ Թրամփը հայտնել է, որ «ընդամենը մեկ ժամ էր հեռու» հարձակում սկսելու որոշում ընդունելուց։

«Ես մի ժամ էի հեռու այսօր հարված հասցնելու որոշում ընդունելուց»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Ըստ Թրամփի՝ Իրանի ղեկավարությունը «աղաչում է գործարք կնքել», սակայն ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ ռազմական սցենարին, եթե դիվանագիտական գործընթացը ձախողվի։

«Ես խոսում եմ երկու-երեք օրվա մասին՝ հնարավոր է ուրբաթ, շաբաթ, կիրակի կամ հաջորդ շաբաթվա սկիզբ։ Շատ սահմանափակ ժամանակահատված է, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նոր միջուկային զենք ստանան»,- հայտարարել է նա։

Թրամփը նշել է նաև, որ Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ դաշնակիցները Վաշինգտոնին խնդրել են չշտապել ռազմական գործողության հարցում և հնարավորություն տալ ընթացող բանակցություններին։

Ըստ նրա՝ տարածաշրջանի մի քանի պետություններ ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել են խաղաղ խորհրդակցություններում առկա առաջընթացի մասին, որոնք ընթանում են Պակիստանի միջնորդությամբ։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հետաձգում է Իրանին հասցվելիք հարվածը, որը, նրա պնդմամբ, նախատեսված էր երեքշաբթի։ Մինչ այդ ամերիկյան պաշտոնյաները հրապարակավ չէին հայտնել նման գործողության նախապատրաստման մասին։ Համապատասխան հայտարարությունը նախագահն արել էր իր Truth Social սոցիալական ցանցում։

Source: https://news.am/hy/news/1036687