Շրի Լանկայի իշխանությունները հետաքննում են երկրի արևմուտքում գտնվող չգրանցված ծերանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի հանգամանքները, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս ութը ստացել են մարմնական վնասվածքներ, հայտնում է Associated Press-ը։

Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան Անգուրուվատոտա քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ շենքից հաջողվել է տարհանել 51 մարդու։ Հաստատությունում բնակվողների թվում եղել են ոչ միայն տարեցներ, այլև հոգեկան խանգարումներ ունեցող բուժառուներ։

Հաստատության տնօրենը ձերբակալվել է անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով։ Դատարանը որոշում է ընդունել նրան մեկ շաբաթով թողնել կալանքի տակ՝ հետաքննության անցկացման ընթացքում։

Դեպքի վայրից ստացված կադրերը ցույց են տալիս գրեթե ամբողջությամբ այրված շենքը։ Կրակը ոչնչացրել է կահույքն ու սարքավորումները, իսկ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են հրշեջներ, ոստիկաններ և տեղի բնակիչներ։ Փրկված բնակիչները տարհանվել են անվտանգ վայր՝ ոստիկանության և զինծառայողների աջակցությամբ։

Տարեցների հարցերով ազգային քարտուղարության տնօրեն Չատհուրա Միհուդումը հայտարարել է, որ հաստատությունը պաշտոնապես գրանցված չի եղել որպես ծերանոց։ Ըստ նրա՝ սեփականատերերը նախկինում նախազգուշացումներ են ստացել գործող նորմերն ու պահանջները պահպանելու անհրաժեշտության մասին։

Գերատեսչության տվյալներով՝ շենքը եղել է խիստ գերբնակեցված. մոտ 15 հոգու համար նախատեսված վայրում բնակվում էր 71 մարդ։ Պաշտոնյաները նախկինում ստուգումներ էին անցկացրել և պահանջել հաստատության գործունեությունը համապատասխանեցնել օրենսդրությանը, սակայն այդ հանձնարարականները, դատելով ամենից, չէին կատարվել։

Source: https://news.am/hy/news/1040920