Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական միջոցների պակասի պատճառով կարող է հրաժարվել F-35A կործանիչների գնումից, որոնք ունակ են կրել B61-12 տակտիկական ջերմամիջուկային ավիառումբեր։ Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ հղում անելով ռազմական ոլորտի աղբյուրներին։
«Նախարարներն ու բարձրաստիճան սպաները այս հարցի շուրջ աշխատել են ամբողջ հանգստյան օրերին։ Բոլորը հասկանում են իրավիճակի բարդությունը։ Զինվորական ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնի [կործանիչների գնմանը], և առաջարկում է տարբեր տարբերակներ։ Այժմ սա քաղաքական, ոչ թե ռազմական հարց է», - հայտարարել է հրատարակության զրուցակիցներից մեկը։
Թերթի տեղեկություններով՝ կա տարբերակ, ըստ որի բրիտանական կառավարությունը ինքնաթիռներից կտրականապես հրաժարվելու փոխարեն պարզապես կհետաձգի դրանց գնումը։ Իշխանությունները մտադիր են վերջնական որոշում կայացնել մինչև պաշտպանական ներդրումային ծրագրի հրապարակումը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի առաջիկա օրերին։
Թերթը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին այս հարցի շուրջ ակտիվ վեճեր է վարում ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզի հետ։ Ենթադրվում է, որ թանկարժեք ռազմական նախագծերն իրականացնելու համար Միացյալ Թագավորության կառավարությունը կկրճատի այլ գերատեսչությունների բյուջեները, ներառյալ տրանսպորտի և էներգետիկայի նախարարություններինը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 2025 թվականի հունիսին հայտարարել էր, որ Լոնդոնը ԱՄՆ-ից կգնի 12 F-35A կործանիչ, որոնք ունակ են կրել B61-12 տակտիկական ջերմամիջուկային ավիառումբեր։ Այժմ Միացյալ Թագավորության միջուկային զենքը տեղակայված է Vanguard տիպի չորս սուզանավերում, որոնք կրում են ամերիկյան Trident II (D5) բալիստիկ հրթիռներ։
Source: https://news.am/hy/news/1041891