Ավելի քան 20 հազար ճապոնացի է ընդվզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ հանրահայտ «Նարուտո» անիմեի հերոսի կերպարն օգտագործելու համար։ Այս մասին գրում է «South China Morning Post»-ը։
Ճապոնիայում ավելի քան 20 հազար մարդ առցանց հանրագիր է ստորագրել՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սպիտակ տան կողմից սոցիալական ցանցերում մանգայի և անիմեի կերպարների օգտագործման դեմ։ Դժգոհության մեծ ալիքի պատճառ է դարձել վերջերս հրապարակված մի տեսանյութ, որտեղ արհեստական բանականության օգնությամբ ամերիկյան առաջնորդը պատկերված է պաշտամունքային դարձած «Նարուտո» անիմեի գլխավոր հերոսի՝ նինջա Նարուտո Ուզումակիի կերպարով։
Բողոքի հեղինակները մտադիր են երկրպագուների մտահոգությունը հասցնել հեղինակային իրավատերերին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ոգեշնչել են ամբողջ աշխարհի հանդիսատեսին՝ սերմանելով քաջության, ընկերության և համառության արժեքներ։
«Շատ երկրպագուներ անհանգստանում են, երբ այս ստեղծագործությունների պատկերներն օգտագործվում են քաղաքական կամ ռազմական համատեքստում, ինչը կարող է հակասել հեղինակների սկզբնական նպատակներին»,- ասված է հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1042556