Հայաստանի կառավարությունը կշարունակի երկրի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդ որում, Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման նախագծով արդեն մրցույթ է հայտարարվել։ Այս մասին հունիսի 8-ին, խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։

«Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ արդեն սկսվել են Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման նախագծի նախապատրաստական աշխատանքները։

«Այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքները մշտական բնույթ են կրելու։ Կառավարությունը, նրա խոսքով, մտադիր է նոր նախագծեր իրականացնել նաև միջազգային գործընկերների ներգրավմամբ։

«Մենք, իհարկե, հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, կիրականացնենք որոշակի ծրագրեր»,- հայտարարել է վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1041966