ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավելյալ անորոշություն է մտցրել այսպես կոչված «քաղաքական գործիքավորման դեմ հիմնադրամի» ապագայի հարցում՝ հայտարարելով, որ վստահ չէ դրա ընթացիկ կարգավիճակի և հետագա ճակատագրի հարցում, հայտնում է NBC News-ը։
Շուրջ 1,8 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամն ավելի վաղ արժանացել էր ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մի մասի կտրուկ քննադատությանը։ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշի հայտարարության հաջորդ օրը, ըստ որի ԱՄՆ արդարադատության նախարարությունը չի շարունակի աշխատանքն այդ նախաձեռնության շուրջ, Թրամփը Օվալաձև աշխատասենյակում անորոշությամբ է մեկնաբանել իրավիճակը։
«Ես պետք է հարցնեմ իրավաբաններին։ Ես չգիտեմ,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հիմնադրամը վերջնականապես փակվել է, թե՞ կասեցվել։ Միևնույն ժամանակ, նա նախաձեռնությունը «հրաշալի գաղափար» է անվանել:- Ինձ դա դուր է գալիս։ Ըստ իս, դա շատ կարևոր է»։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ հրաժարվում է հիմնադրամի ստեղծումից, երբ դաշնային դատարանը ժամանակավորապես արգելափակել էր դրա իրականացումը։ Գերատեսչությունում ընդգծել են, որ համաձայն չեն դատարանի որոշման հետ, սակայն կենթարկվեն դրան։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշն ավելի վաղ Կոնգրեսում հայտարարել էր, որ նախարարությունը «չի շարունակում աշխատանքը հիմնադրամի շուրջ, վերջ», սակայն հրաժարվել էր այդ որոշումն ամրագրել գրավոր ձևով։
ԱՄՆ վարչակազմի հայտարարությունների ֆոնին Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ դեմոկրատները մտադիր են քվեարկություն նախաձեռնել՝ հիմնադրամի ստեղծումը վերջնականապես արգելելու համար՝ այն անվանելով «քաղաքականապես մոտիվացված վճարումների հիմնադրամ»։
Հիմնադրամն անցյալ ամիս ստեղծել էր Արդարադատության նախարարությունը՝ ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) և Թրամփի ու նրա ընտանիքի հետ կապված կառույցների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում, երբ նախագահը հրաժարվել էր հարկային տվյալների արտահոսքի վերաբերյալ 10 միլիարդ դոլարի հայցից։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ հիմնադրամի քննադատները պնդում են, որ այն նախատեսված էր Թրամփի այն կողմնակիցներին փոխհատուցելու համար, որոնք տուժել են «քաղաքական հետապնդումներից», ներառյալ՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի մասնակիցները։
Source: https://news.am/hy/news/1040931