Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս՝ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների կողմից։ Դրա մասին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ափսոսանք հայտնելով, որ դաշինքի անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը, որը Եվրամիությանն անդամակցելու քաղաքականություն է որդեգրել, պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ»։ Նա նշել է, որ Երևանը պետք է կողմնորոշվի, թե «որ գնացքով» է պատրաստվում հետագայում ընթանալ։ Հայաստանի ներկայացուցիչները խորհրդակցությունը բոյկոտել են, գրում է «КоммерсантЪ»-ը։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա մարտահրավերների կողքին նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս։ «Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվում ՀԱՊԿ արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը բխում է ՆԱՏՕ-ի դաշինքից և դրա կազմի մեջ մտնող այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական և միլիտարիստական մոլուցքի մեջ»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Առավել հրատապ սպառնալիքների շարքում պարոն Շոյգուն առանձնացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը (2025 թվականին՝ ավելի քան 1,5 տրիլիոն դոլար), Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության ընդլայնումը ՀԱՊԿ արևմտյան սահմանների մոտ և այդ տարածաշրջանում հաճախակի դարձած զորավարժությունները, որոնց շրջանակում, ի թիվս այլ բաների, մշակվում են Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը հարվածներ հասցնելու գործողություններ։

Սերգեյ Շոյգուի բնորոշմամբ՝ «խնդիրները շատ են, և դրանք լուծելն ավելի արդյունավետ է միասնաբար»։ «Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրի մոտ,- ափսոսանք է հայտնել պարոն Շոյգուն,- Բայց դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ»։

Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հետ միասին։ Հանդիպման վայրում Հայաստանի դրոշը ներկայացված էր կազմակերպության բոլոր էկրաններին և պաստառների վրա։ Սակայն Երևանի ներկայացուցիչներն այնտեղ չէին՝ նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ բոյկոտում են դաշինքի միջոցառումները։ Սերգեյ Շոյգուի բնորոշմամբ՝ «շինծու պատրվակներով»։

Source: https://news.am/hy/news/1038649