Ես դա չեմ ընդունում, իսկապես չեմ ընդունում, քանի որ տուժում են հայ գործարարները։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանից արտադրանքի ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված արգելքը։

«Եթե որևէ երկրի կողմից որևէ քայլ է ձեռնարկվում, և դրանից տուժում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Ընդդիմության առաջնորդի կարծիքով, ռուսական կողմն ունի իր շահերը։

«Կարծում եմ՝ ռուսներն ունեն իրենց շահերը և հետևողականորեն վարում են իրենց քաղաքականությունը։ Սա որևէ կերպ կապված չէ ո՛չ Փաշինյանի, ո՛չ ինձ, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ նա մեկնաբանել է լրագրողի հարցը, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի «մարդն» է, և արդյո՞ք նրա ու Կրեմլի միջև կան ինչ-որ պայմանավորվածություններ։

«Ինձ թվում է՝ պայմանավորվածություններ չկան, բայց կրկնում եմ՝ Ռուսաստանը հետևողականորեն հետապնդում է իր շահերը Հայաստանում»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1041627