Մեր պայքարը սկսվեց նրանից, որ կառավարության ղեկավարը հայկական պատմության մեջ առաջին անգամ սկսեց անհարգալից արտահայտություններ օգտագործել մեր եկեղեցու հասցեին։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հզոր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Եվ Սամվել Կարապետյանն էլ հանդես եկավ դրա դեմ։ Դրա համար, ընդամենը այդ երկու խոսքի համար, որ նա ասաց՝ մենք մասնակցելու ենք Էջմիածնի պաշտպանությանը, այդ երկու խոսքի համար նա Սամվել Կարապետյանին բանտարկեց, խորհրդային բանտ, որը մենք անվանում ենք «ԿԳԲ-ի նկուղ»»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա հիշեցրեց, որ 7-8 ամիս Սամվել Կարապետյանն անցկացրել է բանտում՝ «ընդամենը երկու խոսքի պատճառով»։
«Եվ նույնիսկ քրեական հոդվածում նրանք գրել են, որ հենց այդ երկու խոսքի պատճառով՝ «Մեր ձևով մենք պաշտպանելու ենք մեր եկեղեցին»։
Ամեն ինչ սկսվեց եկեղեցուց։ Սկսվեց մեր եկեղեցու պաշտպանությունը։ Եվ դժվար է ինչ-որ կերպ հուզական չլինել»,- եզրափակեց նա։
Source: https://news.am/hy/news/1041636