Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռել և զսպել Թուրքիայի ազդեցությունը, ինչն անհնար է առանց Ռուսաստանի։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է պարզ ճշմարտություններ. երկրի արտաքին քաղաքականությունն առաջին հերթին սպասարկում է նրա անվտանգային ու տնտեսական շահերը։ Նա նաև նշել է, որ արդեն մի քանի հարյուր տարի է, ինչ այս տարածաշրջանում ազդեցության համար մրցակցում են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ «Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը։ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռել և զսպել Թուրքիայի ազդեցությունը, ինչն անհնար է առանց Ռուսաստանի։ Աշխարհում չկա որևէ այլ երկիր, որն ընդունակ է դրան։ Մինչդեռ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար»,- նկատել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նաև Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, և երկրի բնակիչների 80 տոկոսի բարեկեցությունն ուղղակիորեն կախված է այս հարաբերություններից. սա փաստ է, որից հնարավոր չէ փախչել։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն վատթարացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Անկախության հռչակումից ի վեր չեմ հիշում ռուսաստանցի պաշտոնյաների կողմից նման կոշտ հայտարարություններ։ Անվտանգության խորհրդի ղեկավար, հանդիպում նախագահի հետ... Այնտեղ ուղղակիորեն ասում են՝ սկզբում դիվանագիտական լեզվով, հետո արդեն բացահայտ՝ խելքի՛ եկեք, խնդիրներ կլինեն, մի՛ արեք այդպես։ Ես արդեն 2-3 ամիս է՝ ասում եմ՝ մի՛ արեք, ժողովուրդն է վճարելու դրա համար։ Պարտադի՞ր էր, որ Զելենսկին այստեղից նման հայտարարություններ աներ։ Այդ մարդը քանդեց սեփական երկիրը։ Թվում էր, թե նման կոշտ հայտարարություններից հետո իշխանությունները պետք է կանգ առնեին։ Բայց նրանք խոսում են լավ հարաբերություններ ունենալու ցանկության մասին և հենց նույն պահին քայլեր են անում հակառակ ուղղությամբ»,- մանրամասնել է Քոչարյանը։
Որպես թարմ օրինակ՝ նա մատնանշել է Լիտվայի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մի հանգամանք. Լիտվայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է հարձակվի Կալինինգրադի վրա, որը Ռուսաստանի տարածքն է։ «Երկու աթոռին նստել չի ստացվի։ Եթե ձեզ համար Լիտվայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Ռուսաստանի, դե ուրեմն լոլիկն ու ծաղիկները Լիտվայում վաճառեք, և թող Լիտվան հակակշիռ դառնա Հարավային Կովկասում։ Իսկապե՞ս այդպես եք կարծում։ Ինչո՞ւ եք անընդհատ սադրում»,- հարց է բարձրացրել քաղաքական գործիչը։ Նա կտրականապես զգուշացրել է անխոհեմ քայլերից, որոնք կարող են երկիրը ներքաշել գերտերությունների շահերի բախման հորձանուտը։
«Պետք է փոխել կուրսը, բայց նրանք (Փաշինյանն ու իր թիմը) ի վիճակի չեն դա անել։ Ուրեմն պետք է փոխել իշխանավորներին։ Խնդիրները կլուծվեն, երբ այս մարդիկ հեռացվեն»,- եզրափակել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1038209
Armenia
Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունը․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։