Թեև Ռուսաստանն այս պահին բախվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական դժվարությունների և չի կարող կենտրոնանալ Հայաստանի հարցի վրա, այդուհանդերձ Մոսկվան կարող է շարունակել տնտեսական ճնշումը Երևանի վրա: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Կարեն Ադոնցը:
Նրա գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում հայկական տնտեսությունը շատ լուրջ հետևանքների կբախվի։
Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստանից գյուղմթերքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները կապված են Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Երևանի ընտրության վերաբերյալ Մոսկվայի սպասումների հետ։
Եվրամիության շուկա հայկական ապրանքների դուրս գալու մասին ներկայիս հայտարարությունները փորձագետն անվանել է դիլետանտական:
«1-2 տոննա արտադրանք ուղարկելը չի նշանակում, որ դուք դուրս եք եկել տվյալ շուկա և զբաղեցրել ձեր տեղն այնտեղ: Դա պահանջում է տարիների աշխատանք՝ ուղղված տվյալ շուկայում դիրքերի ամրապնդմանը:
Այլ կատեգորիայի արդյունաբերական արտադրանքի գծով մենք ոչինչ չունենք, որը կարողանայինք ոչ միայն արտահանել Եվրամիություն, այլև նույնիսկ մտածել դրա մասին: Բացառություն կարող է լինել թերևս միայն սննդի արդյունաբերության ոլորտը»,- նշել է Ադոնցը:
Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հայաստանն արտահանում է շուրջ 140 հազար տոննա գյուղմթերք։ «Ինչպե՞ս կարող ենք մենք նման ծավալներով դուրս գալ եվրոպական շուկա»,- ընդգծել է փորձագետը:
Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության մեջ խնդիրները շատ են, որն աշխատում է հիմնականում արտաքին մուտքերի, պետական պարտքի ավելացման և ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին զբոսաշրջիկների թվի աճի հաշվին:
Source: https://news.am/hy/news/1050207