Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են, ինչն ընդունում են նաև Հայաստանի իշխանությունները։ Այս մասին Մեղրիում մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց իրենք ասում են՝ մենք որոշել ենք այս ճանապարհով գնալ, երբ կողմնորոշվենք ու վերջնական որոշում կայացնենք՝ կհայտնենք։ Ռուսաստանի պես գերտերության հետ այդպիսի լեզվով չեն խոսում»,- նշել է Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ աշխարհում սա ընդունված պրակտիկա է՝ երկրներն իրենց առևտրային ռեժիմները սահմանում են՝ ելնելով սեփական շահերից ու հարաբերություններից։ «Այս տեսանկյունից Ռուսաստանն արտակարգ համբերատար է։ Բայց մոտեցումն այսպիսին է՝ եթե դու բարեկամ երկիր ես, քեզ հետ գործում է առևտրային մի ռեժիմ։ Եթե դուրս ես գալիս բարեկամի կարգավիճակից և շարժվում դեպի այն երկրները, որոնք այսօր թշնամական հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ, ուրեմն կարող ես հայտնվել այլ ռեժիմներում»,- պարզաբանել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ռուս պաշտոնյաներն այդ մասին բազմիցս են խոսել։ «Ես իմ ելույթներում միշտ ասում եմ, որ արտաքին քաղաքականությունը չի կարող հակասել տնտեսական շահերին, այլապես դա կհարվածի մարդկանց։ Հարցն այն է՝ իշխանությունները նման հաշվարկներ արե՞լ են, թե՞ սա իրենց համար անակնկալ էր, կամ գուցե մտածում էին, թե «յոլա կգնան»։ Ռուսաստանն առաջնորդվելու է սեփական պետական ու ազգային շահերով, այլ տարբերակ չկա։ Իմ տպավորությամբ՝ նրանք հայ ժողովրդին համարում են բարեկամ և ուզում են, որ Հայաստանը մնա բարեկամ երկիր, բայց հարցազրույցներն ու հայտարարությունները փաստում են՝ տեսնելով Հայաստանը որպես բարեկամ, նրանք տեսնում են ոչ բարեկամական կառավարություն և փորձում են հիշեցնել, որ սա չի կարող անվերջ շարունակվել»,- նշել է Քոչարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի և Պուտինի միջև եղած 200 հեռախոսազանգերի մասին հարցին՝ քաղաքական գործիչը նկատել է, որ նման փաստարկներ բերելով՝ Փաշինյանը, ըստ երևույթին, կարծում է, թե ներքին քաղաքականության մեջ իր ճարպիկ (կամ՝ դեպ ու դես ընկնող) վարքագիծը հույս է տալիս նույն կերպ պլստալ նաև արտաքին քաղաքականության մեջ։ «Բայց արտաքին հարաբերություններում դա կոչվում է դիվանագիտություն։ Եթե շփոթում ես դիվանագիտությունն ու ջրից չոր դուրս գալու փորձերը, ի վերջո, փոսն ես ընկնելու։ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ չտեսնի կամ չհասկանա, թե ինչ է կատարվում»,- եզրափակել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1038694
Armenia
Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը մնա իր բարեկամը, բայց տեսնում է ՀՀ ոչ բարեկամական կառավարությունը․ Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։