Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունքի բացումը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեռևս 2023 թվականին էր հայտարարել Հյուսիսային Օսիայում հայկական հյուպատոսական գրասենյակ բացելու ծրագրերի մասին։

«Այսօրվա դրությամբ այդ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժանմունք բացելու), ինչպես նաև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը հանված չէ երկկողմ օրակարգից, սակայն հստակ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է», — նշել է Մամիևը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վլադիկավկազում ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապեր է պահպանում Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ։ Դա վերաբերում է նաև «Վերին Լարս» անցակետում հայկական բեռնափոխադրողներին հուզող հարցերին․ Լարսը մնում է միակ ցամաքային երթուղին, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի, ապա նաև՝ Հայաստանի հետ։

Source: https://news.am/hy/news/1053883