Ռուսաստան ներմուծվող հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի անվտանգության ապահովումն ու դրա նկատմամբ պարտադիր պահանջների պահպանումը ռուսական շուկա մատակարարումների վերսկսման պայմաններն են։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունում՝ գերատեսչության ղեկավար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել Ալմա-Աթայում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի VII նիստի շրջանակում, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, ներառյալ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և մյուս պարտադիր պահանջները, այն ապրանքների ներմուծման վերսկսման կարևորագույն պայմանն են, որոնց նկատմամբ ներկայումս գործում են սահմանափակումներ»,- ասված է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։

Լուտը անվերապահ առաջնահերթություն է անվանել Ռուսաստան մատակարարվող արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական պահանջներին։

Ռուսական կողմը նաև ընդգծել է գործող նորմերի անվերապահ պահպանման և այնպիսի ալգորիթմի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա ապահովել մատակարարվող արտադրանքի անվտանգությունը։

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք տեսակի արտադրանքի մատակարարումների նկատմամբ՝ դրա որակի և անվտանգության վերաբերյալ ունեցած դժգոհությունների պատճառով։ Մայիսի 22-ից արգելվել է ծաղիկների մատակարարումը, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի։

Հունիսի 2-ից սահմանափակումները տարածվել են կորիզավոր մշակաբույսերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի և նեկտարինի, ինչպես նաև թարմ խաղողի վրա։ Հունիսի 3-ից սահմանափակումների տակ են հայտնվել հատապտղավոր մշակաբույսերը, սմբուկը, կարտոֆիլը և չորամրգերը, իսկ հունիսի 12-ից՝ ողջ կարանտինային արտադրանքը։

Բացի այդ, հունիսի 2-ից կասեցվել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնարտադրանքի սերտիֆիկացումը։ Հուլիսի 27-ից սահմանափակումներ են մտցվել կաթնամթերքի ներմուծման վրա։

Source: https://news.am/hy/news/1055297