Ես չեմ բացառում իրադարձությունների նման զարգացումը. Ռուսաստանը նախկինում էլ բազմիցս օգտագործել է գազի գործոնը որպես պատժամիջոցների լծակ այլ երկրների դեմ։ NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանը կկասեցնի Հայաստանի հետ գազային պայմանագիրը։
Նրա խոսքով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ ռուսական գազը ստացել է հետխորհրդային տարածաշրջանի ամենացածր, արտոնյալ գներից մեկով՝ զիջելով միայն Բելառուսին։ Երևանի համար բազային գինը 165 դոլար է (1000 խորանարդ մետրի համար), իսկ սահմանին, հաշվի առնելով կալորիականության գործակիցը, այն դառնում է մոտ 177-178 դոլար։ Եվրոպական գազային բորսաներում գինն արդեն մոտենում է 700 դոլարին, իսկ ճգնաժամային շրջաններում հասել է նույնիսկ 2500-2800 դոլարի։ Փորձագետն ընդգծել է, որ ռուսական կողմը զգուշացնում է հենց գնագոյացման այսպիսի՝ շուկայական տրամաբանությանն անցնելու մասին։
Դավթյանը նշել է, որ շուկայական գնագոյացման անցնելու դեպքում սպառողների համար ներքին սակագները կբարձրանան 2.5 անգամ։ Պատճառը Հայաստանում գազի վերջնական գնի կառուցվածքն է. դրա շուրջ 50 տոկոսը և ավելին կազմում է հենց սահմանային գինը։ Ըստ այդմ՝ գնման արժեքի եռակի կամ քառակի թանկացումն անխուսափելիորեն կհանգեցնի շարքային սպառողի համար գնի բազմապատկման, եթե միայն պետությունը խոշոր սուբսիդավորում չիրականացնի, ինչի համար բյուջեում միջոցներ պարզապես չկան։
Փորձագետն ընդգծել է, որ հարվածը կհասնի ոչ միայն քաղաքացիների գրպանին, այլև ամբողջ տնտեսությանը։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40–43 տոկոսն ապահովում են բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայանները։ Գազի թանկացումն ավտոմատ կերպով կբերի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման, իսկ էներգակիրներն ուղղակի շղթայական ազդեցություն ունեն տնտեսության բոլոր ճյուղերի վրա։
Դավթյանը նշել է, որ տեսականորեն Հայաստանը կարող է ֆինանսական աջակցության համար դիմել միջազգային կառույցներին, ինչպես արեց Մոլդովան՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո։ Քիշնևը մեծամասամբ հենց արտաքին օգնության շնորհիվ խուսափեց էներգետիկ ճգնաժամից։ Այդուհանդերձ, այս օրինակը հուսադրելու փոխարեն ավելի շատ զգուշացնում է, որ որոշ ժամանակ անց Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրեց Մոլդովայի ֆինանսավորումը՝ արձանագրելով, որ եվրաինտեգրման մասին քաղաքական հայտարարություններին չհաջորդեցին իրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ «Սա մի սցենար է, որը լիովին կարող է կրկնվել նաև Հայաստանում, այն չպետք է բացառել»,- ընդգծել է նա։
Իսկ գլխավոր խնդիրը, փորձագետի գնահատմամբ, այն է, որ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը դեռևս 100 տոկոսով պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Սա նշանակում է, որ հենց ռուսական ընկերությունն է փաստացիորեն ձևավորում երկրի սակագնային քաղաքականության տնտեսական ու առևտրային հիմքը։ «Այս պայմաններում պարզապես անհնար է շրջանցել ռուսական գործոնը »,- եզրափակել է Դավթյանը։
Source: https://news.am/hy/news/1039080
Armenia
Ռուսական գազի շուկայական գներին անցնելը Հայաստանին սպառնում է սակագների 2.5-ապատիկ բարձրացմամբ․ Փորձագետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։