Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով «Չեստնի զնակ» մակնշման պետական համակարգը «պարտադիր պահանջների խախտման պատճառով» կասեցրել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի գազավորված հանքային ջրի շրջանառությունը։ Այս մասին հայտնել են Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնից (ՀՏԶԿ, որը հանդիսանում է «Չեստնի զնակ» համակարգի օպերատորը), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արգելափակումը տարածվել է 37 միլիոն շիշ արտադրանքի վրա՝ ներառյալ բնական, բուժիչ-սեղանի, խմելու և գազավորված հանքային ջրերը, ինչպես նաև համային հավելումներով տարբերակները, որոնք թողարկվել են 0,33, 0,5, 1 և 1,5 լիտր ծավալով պլաստիկե (ՊԷՏ) ու ապակե տարաներով։ Մինչև Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվության ստացումը՝թե՛ մանրածախ կետերում, թե՛ առցանց հարթակներում արգելափակված են «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի բեռնառաքումն ու վաճառքը», — նշել են կենտրոնից։

Այսպիսով, Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով «Չեստնի զնակ»-ը կասեցրել է «Ջերմուկ» ջրի վաճառքը՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնաս հասցնելը կանխելու նպատակով հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից ելնելով»։ Կենտրոնից հավելել են, որ վերահսկող գերատեսչության դիմումի պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, «արտադրողի կողմից ապրանքին ներկայացվող պարտադիր պահանջների հայտնաբերված խախտումներն են»։

««Չեստնի զնակ»-ն այսօր ինտեգրված է երկրի բոլոր դրամարկղային համակարգերին, ինչը սպառողների պաշտպանությանն ուղղված թիրախային և արդյունավետ մեխանիզմ է»,— նշել է ՀՏԶԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

ՀՏԶԿ-ից նաև հիշեցրել են, որ սա «Ջերմուկ» շշալցված ջրի մանրածախ և առցանց վաճառքի կասեցման առաջին դեպքը չէ։ 2026 թվականի ապրիլին Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով «Չեստնի զնակ»-ն արդեն արգելափակել էր ավելի քան 1,4 միլիոն շշի վաճառքը։

Source: https://news.am/hy/news/1037775