Իմ եղբայրը հիմա հանգստանում է, ինքը քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրից, ինքը կարող է հանգստանալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե քաղաքական պայքարի ամենաթեժ պահին իր եղբայրը մեկնել է Հայաստանից դուրս հանգստի։

«Ինքը կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել, դա ինքն է՝ որոշում»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են կիսելու ընդդիմության առաջնորդի դերը, ի՞նքն է լինելու առաջնորդը, թե՞ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն, երբ որոշենք մտնել Ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։

Հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք։ Ամենակարևորը, որ ճանապարհը հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ գցած նարատիվներին, խորհուրդներին։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնենք, դրա համար խորհուրդ եմ տալիս մարդկանց դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, մեր թիմի հետ և կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Դուք գիտեք մեր պլանները՝ մենք արդեն ունենք կուսակցություն, Փաշինյանին կհեռացնենք, հետո կձևավորենք կառավարություն»։

Source: https://news.am/hy/news/1046886