Մենք դեռ չենք մոտեցել պիկին։ Այսինքն՝ գյուղմթերքի իրացման պիկին մոտենալիս հետևանքները շատ ավելի ծանր են լինելու։ Դրա մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ մեկնաբանելով հայկական արտադրանքի արտահանման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ նախկին փոխնախարարի՝ եթե համեմատենք այն, ինչ ասում են Հայաստանի իշխանությունները, այն ամենի հետ, ինչ իրականում տեղի է ունենում, կարելի է ասել, որ սա ինչ-որ տեղեկատվական «փոթորիկ» է, քանի որ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների միջև ընտրությունն ունի իր գինը, և հարցն այն է, թե ով և ինչպես է այն վճարելու։
«Հիմա փաստացի ժամանակ է անցել, և ես նկատում եմ հետևյալը. Ռուսաստանի Դաշնությունից հատկապես օրեցօր ավելանում են ոչ թե տողատակերով, այլ բացահայտ պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ չի կարելի, անհնար է, որ թե՛ Եվրամիության ուղղությունը լինի, թե՛ օրենսդրորեն հաստատվի Եվրամիության ուղղությունը և օրենքի ուժ ունենա, իսկ ԵԱՏՄ-ում, որպես կանոն, նորմալ չարձագանքեն։ Եվ ԵԱՏՄ երկրների ղեկավարները, հատկապես, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը, ասում են, որ նման կերպ գործելն անհնար է։ Հիմա, երբ ասում են, թե հնարավոր է (կառավարությունում՝ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցության համատեղման մասին — խմբ.), այդ «հնարավորի» հետևանքներն արդեն շոշափելի են, զգացվում են, և ես ասում եմ, որ կինոն դեռ նոր է սկսվում»,- նշել է Աշոտ Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ Եվրամիության շուկայում հայկական ապրանքների զանգվածային պահանջարկ, որպես այդպիսին, չկա։
«Կան շուկաներ, վայրեր, որտեղ հայկական ապրանքները ոչ թե նոր են հայտնվել և ոչ թե նոր են հայտնի դարձել։ Դա տեղի է ունենում վաղուց։ Փոքր խմբաքանակներով՝ ընդհուպ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Ավստրալիայում կա հայկական ապրանքների, գյուղմթերքի տեսականի։ Բայց դուք պատկերացնո՞ւմ եք լոգիստիկան, արժեքը։ Դա, կրկնում եմ, զանգվածային քանակություն չի ապահովում։ Երբ հայտարարում են, թե այսինչ քանակությամբ այն (արտադրանքը — խմբ.) գնացել է այսինչ շուկա, իսկ այնինչ քանակությամբ՝ մեկ այլ շուկա, դա նորություն չէ և ինչ-որ աճպարարւոթյուն չէ»,- նշել է նախկին փոխնախարարը։
Նրա բնորոշմամբ՝ միշտ էլ եղել են տարբեր մարդիկ, հարազատներ, ծանոթներ, ընկերներ, նախկին կապեր, բիզնես կապեր՝ ապրանքափոխանակության սկզբունքով, և առևտուրն ընթացել է։
«Այլ հարց է՝ հասկանալ կոնկրետ շուկայում մեր հայկական ապրանքների մրցունակությունը, պահանջարկը։ Խոսքն ինքնարժեքի՝ գումարած որոշակի բանական շահույթի և լոգիստիկայի մասին է։Դ արդեն լիովին այլ ժանրից է։ Իսկ եթե կառավարությունը ցույց է տալիս, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը փակել է ճանապարհը, բայց իրենք այլընտրանք են գտել ու թմբկահարում են դրա մասին, տեսեք, որ թվերն արդեն ինքնին խոսում են և ցույց տալիս, որ դա պարզապես, կարելի է ասել, էժանագին մանիպուլյացիա է»,- ընդգծել է Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ռուսական շուկան այս պահի դրությամբ և առաջիկա երեք տարիներին ոչ մի շուկա չի կարող փոխարինել։
«Դա հին ժամանակներից, դեռ Խորհրդային Միության տարիներից եկող շուկա է՝ սկսած հաղորդակցությունից և վերջացրած առևտրի մշակույթով։ Մասնակցում են ծանոթներ, հարազատներ, և այդ շուկան մշտապես գործել է որպես կենդանի օրգանիզմ։ Ինչ վերաբերում է քանակին, խոսքը հարյուր հազարավոր տոննաների մասին է։ Մեկ-երկու տարի առաջ նրանք ճառում էին, մեծ թվեր էին ցույց տալիս, թե որքան ապրանք են արտահանել Ռուսաստանի Դաշնություն, որքան գյուղմթերք, որքան վերամշակված պահածոներ, գինի, կոնյակ։ Իսկ հիմա լիովին հակառակ իրավիճակն է»,- նշել է նախկին փոխնախարարը։
Source: https://news.am/hy/news/1046942