Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Коммерсант» պարբերականը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին։

«Հայաստանի՝ Եվրոպական միության հետ փոխգործակցությունը խորացնելու գործնական քայլերը և Հայաստանի կառավարության հայտարարած ԵՄ-ին անդամակցելու ձգտումը վտանգում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։

Ըստ Ցիվիլևի՝ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսավարող սուբյեկտների միջև տասնամյակներ շարունակ հարգանքի և փոխշահավետության հիմքի վրա կառուցված գործընկերության բնույթին և Հայաստանի կենսական կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելու ուղղությամբ բազմիցս ՌԴ ձեռնարկած գործնական քայլերին»։

ՌԴ էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս չի պատասխանել «Коммерсанта»-ի հարցմանը։

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդների մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհին ձեռնարկած հերթական քայլն էր, որին այսօր անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ինդիկատիվ հաշվեկշիռներով հաստատված ներքին սպառման ծավալներով, ընդ որում՝ արգելված է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում շարունակում են գործել Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ-ի նկատմամբ պետական պարտք ճանաչելու՝ Հայաստանի պարտավորությունները՝ մինչև դրանց լիակատար կատարումը։

Source: https://news.am/hy/news/1038648