Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։

Ինչպես հաղորդում է Report-ը, Հայաստան կփոխադրվի երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն։

Գնացքը ժամը 14:00-ին կշարժվի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից։ Այնուհետև շարժակազմը «Բյոյուկ-Կյասիկ» կայարանով կանցնի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի Հայաստան։

Ավելի վաղ Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ Հայաստան էր փոխադրվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, շուրջ 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Առ այսօր Հայաստան է մատակարարվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։

Source: https://news.am/hy/news/1039873