Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հաջորդ հանդիպումը՝ ԱԳ նախարարների մակարդակով, կանցկացվի Բաքվում կամ Երևանում, և այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք ակնկալում ենք, որ նախարարների հաջորդ հանդիպումը կանցկացվի կամ Բաքվում, կամ Երևանում։ Ինչպես հասկանում ենք, այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև», - ասել է նա ««3+3» հարթակ․ ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նստաշրջանի ընթացքում։

Մոսկվան աջակցում է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի լիակատար տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը, որն անհրաժեշտ է «3+3» ձևաչափի շրջանակում լիարժեք աշխատանքի համար։

«Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի զարգացման հարցում, մեր կարծիքով, կարևոր է ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը։ Առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանների բացման՝ լիարժեք տրանսպորտային փոխկապակցվածության մասին խոսելն, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ։ Եվ, մեր կարծիքով, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լոգիստիկայի ոլորտում ավելի շատ հնարավորություններ կհայտնվեն բոլոր տարածաշրջանային դերակատարների համար։ Ռուսաստանն էլ, իր հերթին, աջակցում է ամբողջ տարածաշրջանի լիակատար տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը», - ասել է նա։

«Կցանկանայի առանձնահատուկ ողջունել մեր քննարկմանը Վրաստանի փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը։ Մեզ, ինչպես և, համոզված եմ, հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի «3+3»-ի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին նույնպես կմիանա մեր աշխատանքին», - ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1041094