The Insider պարբերականի (Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն) այն հրապարակումը, թե իբր ԱԴԾ-ի, ԳՀՎ-ի և ԱՀԾ-ի աշխատակիցներ են ուղարկվել Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակազդելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն իր տելեգրամյան ալիքում։
«Այսպես կոչված «հետաքննության» մեջ բերված փաստարկները բացահայտ սուտ են և կազմակերպված սադրանք։ Դրանց նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և ընտրությունների նախաշեմին վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության շրջանում», — ասված է հաղորդագրության մեջ։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները նաև նշել են, որ նյութում տեղ գտած տեղեկությունները զուրկ են համոզիչ ապացույցներից և պարունակում են փաստացի սխալներ։
«The Insider-ն ի վիճակի չէ ներկայացնել գեթ մեկ համոզիչ փաստ, որը կհաստատեր հնչեցված մեղադրանքները», — նշել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունն առանձին անդրադարձել է նաև Երևանում «Ռուսական տան» գործունեության վերաբերյալ պարբերականի պնդումներին։ Նախարարությունից պարզաբանել են, որ կազմակերպության իրականացրած մարդասիրական, մշակութային ու կրթական ծրագրերը, ինչպես նաև «փափուկ ուժի» կիրառումը, որոնք հրապարակման մեջ ներկայացվում են որպես մեղադրանք, լիովին համապատասխանում են արտերկրում «Ռուսական տան» առջև դրված խնդիրներին։
ԱԳՆ-ն հերքել է նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքները։ Նախարարությունից հայտարարել են, որ Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունը հանրապետությունում իրականացվում է 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային համապատասխան։
Գերատեսչությունը հրապարակումը որակել է որպես Ռուսաստանին և Հայաստանի հետ նրա կապերը վարկաբեկելու արշավի մաս։ «Երևանում «ռուսական գործակալների» մասին հերթական «սենսացիան» դիտարկում ենք որպես Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արշավի ևս մեկ դրվագ», — հայտարարել են ԱԳՆ-ում։
Source: https://news.am/hy/news/1037127
Armenia
ՌԴ ԱԳՆ-ն կեղծիք է որակել «Երևանում ռուսական գործակալների» մասին The Insider-ի հրապարակումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։