Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ–ը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետների նկատմամբ անհանդուրժող մոտեցումների, նրանց անկախ դիրքորոշումների վրա ազդելու, անկախ գործունեությանը միջամտելու տարբեր փորձերի։

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նման երևույթները և ընդգծում, որ անկախ, ազատ և սկզբունքային քաղաքացիական հասարակության առկայությունը իրավական պետության և մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտ նախապայման է։

Քաղաքացիական հասարակությունը չի կարող ենթակա լինել որևէ քաղաքական ազդեցության և վերջինիս գործունեության անկախությունն ու արդյունավետությունը չեն կարող գնահատվել քաղաքական ուժերի և այլ հանրային դերակատարների կամքը կատարելու կամ նրանց ցանկությունները բավարարելու համատեքստում։

Հայաստանում արդյունավետորեն գործում են քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ, որոնք էական դերակատարում ունեն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանրային վերահսկողության և հաշվետվողականության ապահովման գործում։

Սա կատարված մեծ աշխատանքի արդյունք է և պետության համար արժեքավոր ձեռքբերում: Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեության համար նպաստավոր միջավայրը չի ենթադրում միայն պետության կողմից նրանց հիմնադրման ու գործունեություն ծավալելու ազատության հնարավորություն, այլ պահանջում է նաև այդ գործունեության համար անվտանգ միջավայր:

Այսօրվա ծայրահեղ բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում, առցանց հարձակումների են ենթարկվում ու պիտակավորվում են բոլոր այն դեպքերում, երբ արտահայտում են որևէ տեսակետ, որը հաճո չէ այս կամ այն քաղաքական ուժին կամ հանրային դերակատարին: Ներկայիս ազատ արտահայտման դաշտի ակնհայտ ընդլայնման հետ մեկտեղ սա փաստացի վերածվել է ոչ ֆորմալ «գրաքննության» մի մեթոդի:

Այս իրավիճակը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անընդունելի է համարում և ընդգծում է, որ բոլոր հանրային դերակատարները պետք է նպաստեն վիճակի հաղթահարմանը, իսկ պետությունը պետք է ստանձնի առաջնային դերակատարություն խնդիրը հասցեավորելու և քաղաքացիական հասարակության` իրավական պետության արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար միջավայրն անվտանգ դարձնելու հարցում:

Source: https://news.am/hy/news/1037528