Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույս ունի քննարկել երկկողմ հարաբերություններում կուտակված խնդրահարույց հարցերը և գտնել դրանց լուծման ուղիները։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հանդիպումը լավ հնարավորություն է մանրամասն քննարկելու հայ-ռուսական օրակարգի ամբողջ շրջանակը և, ինչպես նա է արտահայտվել, «ճշտելու ժամերը»։

«Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո մենք տրամադրված ենք շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք նաև շահագրգռված ենք Հայաստանի հետագա մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը և նրանով, որպեսզի ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն բնականոն ռեժիմով։ Կարծում եմ՝ դա համապատասխանում է միության հետագա զարգացման շահերին», — ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Երևանը պահպանում է կառուցողական տրամադրվածությունը և պատրաստ է առարկայական քննարկել երկկողմ համագործակցության բոլոր առկա հարցերն ու նրբությունները։

«Հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր», — նշել է Հայաստանի վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1048149