Պենտագոնն Իսրայելի կողմից բխող հակահետախուզական սպառնալիքի մակարդակը հասցրել է առավելագույնի։ Սա տեղի է ունենում Իրանի դեմ պատերազմի և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև աճող տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաներին, ովքեր ծանոթ են հետախուզական համայնքի գնահատականներին։

Նրանց փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին Պաշտպանական հետախուզական գործակալությունը (ԱՄՆ ռազմական հետախուզությունը) ներքին շրջաբերական է տարածել, որում Իսրայելի հետախուզական գործունեության հետ կապված սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև «կրիտիկական» կատեգորիայի։

Աղբյուրների համաձայն՝ ամերիկացի զինվորականների մտահոգությունը պայմանավորված է այն ենթադրությամբ, որ իսրայելական հատուկ ծառայություններն ակտիվացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքին քննարկումների և Մերձավոր Արևելքի հակամարտություններին առնչվող որոշումների կայացման գործընթացի մասին տեղեկություններ կորզելու փորձերը։

Աղբյուրներից մեկը պնդում է, որ հետախուզական վարչության պատրաստած յոթ էջանոց փաստաթղթում նշվում է, որ գործակալական և տեխնիկական հետախուզություն վարելու Իսրայելի հնարավորությունները գտնվում են «կրիտիկական մակարդակի» վրա։ Փաստաթղթում թվարկված են նաև այն միջադեպերը, որոնք խորացրել են ամերիկյան կողմի մտահոգությունները։

Իսրայելը կտրականապես հերքել է այս մեղադրանքները։ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ լրտեսության մասին տեղեկությունները «լիովին կեղծ են»։

«Իսրայելը հետախուզական գործունեություն չի ծավալում ամերիկյան կառույցների, առավել ևս՝ ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց դեմ։ Իսրայելի հետախուզական ջանքերն ուղղված են իր թշնամիների, այլ ոչ թե դաշնակիցների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Սպիտակ տանը նույնպես կասկածի տակ են դրել NBC News-ի հրապարակումը։ Վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ նյութը հիմնված է այնպիսի մարդկանց տրամադրած տեղեկությունների վրա, որոնք չեն տիրապետում իրադարձությունների ընթացքի մասին հավաստի տվյալների։

Սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին լուրերը հայտնվել են Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարաբերությունների նկատելի սառեցման ֆոնին։ NBC News-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի նկատմամբ հետագա քայլերի և Լիբանանում Իսրայելի գործողությունների շուրջ։

Ինչպես նշում են աղբյուրները, ապրիլին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո Թրամփը խաղադրույք է կատարում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման վրա, մինչդեռ իսրայելական ղեկավարությունը կասկածամտորեն է վերաբերվում համաձայնագրի հեռանկարներին և կողմ է արտահայտվում իրանական օբյեկտներին լայնամասշտաբ հարվածների վերսկսմանը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելին հատկապես հետաքրքրում է, թե ինչ որոշում կկայացնի Վաշինգտոնը՝ վերսկսել Իրանի դեմ ակտիվ ռազմական գործողությունները, թե՞ վերջնականապես անցում կատարել քաղաքական կարգավորման։

Չնայած առաջացած կասկածներին՝ աղբյուրներն ընդգծում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հետախուզական տվյալների փոխանակումը շարունակվում է ընթանալ սովորական հունով։ Այդուհանդերձ, ամերիկացի պաշտոնյաներին խորհուրդ է տրվել առավելագույն զգուշություն ցուցաբերել Իսրայել այցելությունների և իսրայելական կողմի ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ։

Հետախուզության նախկին աշխատակիցները նշում են, որ Իսրայելը վաղուց է համարվում հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի ամենաակտիվ գործընկերներից մեկը, բայց միևնույն ժամանակ ունի մի պետության համբավ, որը չի խորշում տեղեկատվություն հավաքել անգամ իր դաշնակիցների վերաբերյալ։

Որպես պատմական օրինակ հաճախ վկայակոչվում է Ջոնաթան Փոլարդի գործը. նա ԱՄՆ ռազմածովային հետախուզության վերլուծաբան էր, ով 1980-ականներին դատապարտվել է Իսրայելին ամերիկյան գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար։

Փորձագետները նախազգուշացնում են, որ նմանատիպ կասկածները այսպիսի զգայուն պահին կարող են էլ ավելի բարդացնել երկու դաշնակիցների հարաբերությունները, հատկապես՝ Իրանի նկատմամբ ապագա քաղաքականության հարցում առկա տարաձայնությունների ֆոնին։

Source: https://news.am/hy/news/1041348