Սեպտեմբերի 1-ից կգործի գիդերի և էքսկուրսավարների սերտիֆիկացման և վերապատրաստման նոր կարգը։ Այդ մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։

Նա հավելել է, որ բոլոր գիդերն ու էքսկուրսավարները պարտադիր պետք է վերապատրաստում անցնեն յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Միաժամանակ Մկրտչյանը պարզաբանել է, որ հյուրանոցային ծառայություններ մատուցողների համար գործում է կամավոր ատեստավորում։

Պաշտոնյան հիշեցրել է, որ արդեն գործում է պահանջը, ըստ որի՝ տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները պարտավոր են զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքել մինչև ծառայության մատուցումը, հակառակ դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կարող է դադարեցվել։

«Ապագայում զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար կգործեն վարկանիշային համակարգեր», - հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1056093