ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 30-ի նիստին հաջորդած ճեպազրույցում, չի բացառեկ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ)շուրջ իրավական հարթության մեջ կարող են որոշումներ կայացվել՝ ընդհուպ մինչև Միջազգային արբիտրաժային դատարան դիմումը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել երկաթուղուն առնչվող հարցեր (որը գտնվում է ռուսական «ՌԵԴ»-ի դուստր ձեռնարկության՝ ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարման ներքո – խմբ․)։ Այդուհանդերձ, վարչապետը հավելել է, որ Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է․ «Երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և պետությունը պետք է այն օգտագործի այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում»։
Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ՀԿԵ-ի շուրջ հարցը կլուծվի բարեկամական ճանապարհով։ «Այնուամենայնիվ, իրավական հարց կարող է առաջանալ, և (ռուսական կողմի – խմբ․) անհամաձայնության դեպքում այն կարող է քննվել Միջազգային արբիտրաժային դատարանում։ Օրինակ՝ կարող են ջրի երես դուրս գալ հանգամանքներ, որոնց համար մենք 30 տարի ոչինչ չենք պահանջել, իսկ հիմա տարեկան 2 միլիարդ դոլար պահանջենք», — հավելել է Կառավարության ղեկավարը։
Ճշտող հարցին, թե արդյոք նա ակնարկում է կոնցեսիոն վճարների մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ակնարկների կարիք չկա․ «Մենք ուզում ենք հարցը լուծել բարեկամական ճանապարհով։ Կարևորը հարցի լուծումն է», — եզրափակել է նա։
Source: https://news.am/hy/news/1052480