Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև գործող հրադադարին, Պարսից ծոցում արգելափակված հազարավոր նավաստիների դուրսբերումը դեռևս չափազանց վտանգավոր է, հայտարարել է ՄԱԿ-ի նավագնացության գործակալության ղեկավարը։
«Մենք չենք կարողանա որևէ քայլ ձեռնարկել, քանի դեռ չեն վերացվել հիմնապատճառները և կողմերի միջև չի ձեռք բերվել ավելի վերջնական համաձայնություն, հրադադար կամ լիակատար համաձայնագիր հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև»,- կիրակի, Աթենքում Posidonia նավագնացության արդյունաբերության շաբաթվա մեկնարկից առաջ, Reuters գործակալությանը հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։
Ըստ գնահատականների՝ մոտ 20 հազար նավաստի գտնվում է Պարսից ծոցում արգելափակված նավերի վրա՝ Հորմուզի նեղուցով տեղաշարժի նկատմամբ Իրանի սահմանած սահմանափակումների պատճառով։
«Իսկ առայժմ նավաստիների տեղափոխման ուղղությամբ ցանկացած գործողություն ձեռնարկելը չափազանց վտանգավոր կլինի, քանի որ նրանց անվտանգության ոչ մի երաշխիք չկա»,- նշել է Դոմինգեսը։
Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր Պարսից ծոցում տասնմեկ նավաստի է զոհվել։
«IMO-ն փորձում է կազմակերպել անվտանգ ծովային միջանցք, որպեսզի նավերը կարողանան դուրս գալ հակամարտության գոտուց. վերջին շաբաթներին Օմանում համապատասխան քննարկումներ են անցկացվել կողմերի, դրանց թվում՝ Իրանի հետ, հավելել է Դոմինգեսը։
«Դուք հաղորդագրություններ եք ստանում, ըստ որոնց Հորմուզի նեղուցը բաց է, իսկ մի քանի ժամ անց նեղուցը նորից փակվում է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, քանի դեռ ավելի հուսալի երաշխիքներ չունենք»,- ասել է նա։
Նեղուցով երթևեկությունը, որով սովորական ժամանակներում տեղափոխվում է հում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային օրական մատակարարումների 20%-ը, կրճատվել է մինչև հաշված լցանավերի:
Նավատերերը հայտարարում են, որ երեք ամսվա շրջափակումից հետո նավերի անձնակազմերին անհրաժեշտ է տարհանման համաձայնեցված և անվտանգ ուղի։
«Նավի վրա գտնվող նավաստիները բաց են թողնում ոչ միայն իրենց ընտանիքների հետ հանդիպումները, այլև երեխաների ծնունդը, հարազատների մահը, հարսանիքները»,- երկուշաբթի օրը Աթենքում Capital Link նավագնացության համաժողովի շրջանակում Reuters-ին պատմել է Heidmar Maritime Holdings Corp-ի գլխավոր գործադիր տնօրեն Պանկաջ Կհաննան։
Նա հայտնել է, որ Heidmar ընկերության նավերից մեկն արդեն երեք ամիս է, ինչ արգելափակված է Պարսից ծոցում։
«Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հիմք, կանոններ, կարգավորում՝ մի բան, որը հստակ կասի մեզ, թե ինչպես կարող ենք մտնել այնտեղ և հետ դուրս գալ: Այնպես որ, նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այս հարցը պետք է հստակեցվի»։
Source: https://news.am/hy/news/1040086
World
Պարսից ծոցում արգելափակված նավաստիներին դուրս բերելը դեռևս վտանգավոր է՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարին. ՄԱԿ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։