ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։

Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ:

Source: https://news.am/hy/news/1048394