Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Վարդան Ալոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ ՀՀ քննչական կոմիտե

Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով։

Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» և «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:

Քննչական կոմիտեն ստացված տեղեկությունների հիման վրա վարույթ հարուցելու պարագայում իրավունք չունի ուսումնասիրման ենթակա տեղեկությունը հանրությանը ներկայացնել որպես հաստատված փաստ` մոլորեցնելով հանրությանը և ակնհայտորեն վիրավորելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

Այս արատավոր երևույթն առավել անընդունելի է նախընտրական քարոզչության փուլում՝ երբ հստակ թիրախավորվում է նաև քաղաքական ուժը և նրա առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածուն, այն էլ հիմք ընդունելով ակնհայտ կեղծ տեղեկությունը։

«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Եթե հերքումը անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան»։ Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է անհայտ ծագման փաստաթուղթ և գրել. «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։ Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել է․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։

Ավելի ուշ հարցին անդրադարձել է նաև ԿԸՀ–ն՝ հայտնելով, որ սահմանված կարգի համաձայն, թեկնածուների գրանցման գործընթացի ընթացքում ԿԸՀ-ն ստուգել է «Ուժեղ Հայաստան» ընտրական ցուցակում առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի փաստաթղթերը՝ նրա բացառապես ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ։ Բնականաբար, ԿԸՀ-ն կարող էր նրան գրանցել միայն այն դեպքում, եթե նա ունենար ՆԳՆ համապատասխան բաժնի կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում էին նրա վերջին 4 տարում ՀՀ -ում մշտական բնակության և բացառապես ՀՀ քաղաքացի լինելու մասին։

Այնուամենայնիվ, մայիսի 20-ի առավոտյան Քննչական կոմիտեն հայտարարել է քրեական գործի հարուցման մասին՝ կապված Նարեկ Կարապետյանի կողմից «այլ պետության քաղաքացիության մասին տեղեկատվությունը» թաքցնելու հետ։

Source: https://news.am/hy/news/1036937