Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հայտարարել է նոր համաեվրոպական պաշտպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կներառի Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Թուրքիան և Ուկրաինան։
Անհրաժեշտ է «ստեղծել համաեվրոպական պաշտպանության համակարգ», The New York Times (NYT) թերթի հարցազրույցում հայտնել է պաշտպանության նախարարը։ Նրա առաջարկի համաձայն՝ Եվրամիության 27 անդամ երկրները պետք է դաշինք կազմեն ևս 13 եվրոպական համախոհ պետությունների հետ, որոնք համայնքի կազմում չեն։
Այս գաղափարի իրականացումը, ինչպես կարծում է պարբերականը, «էականորեն կփոխի» Եվրոպայի կոլեկտիվ պաշտպանության կազմակերպումը՝ «ստեղծելով ԵՄ ղեկավարությամբ նոր կառուցվածք՝ ԱՄՆ գլխավորած ՆԱՏՕ ներկայիս համակարգին զուգահեռ»։ Հրապարակման մեջ նշվել է, որ նման մոտեցումն ընդգծում է, թե որքան լրջորեն են եվրոպական առաջնորդները վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայում Ամերիկայի ռազմական ներկայությունը կրճատելու քայլերին։
Կրոզետոյի կարծիքով՝ վստահելի եվրոպական պաշտպանական քաղաքականությունն այլևս չի կարող սահմանափակվել միայն ԵՄ անդամ պետություններով և պահանջում է բոլոր այն գործընկերների լիարժեք մասնակցությունը, որոնք կիսում են կենսականորեն կարևոր շահերն ու զգալի պատասխանատվությունը։
Source: https://news.am/hy/news/1041193