Հայաստանի ԿԸՀ-ն չի վարում վիճակագրություն այն պատճառների վերաբերյալ, որոնցով քվեաթերթիկները ճանաչվում են անվավեր։ Այս մասին Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջ ներկայացրած քաղաքական ուժերի հայցով նիստի ժամանակ, հայտնել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը գործով պատասխանողին՝ ԿԸՀ-ին, հարց ուղղեց՝ արդյոք հայտնի են պատճառները, որոնցով 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ ԿԸՀ նախագահի տեղակալը հայտնել է, որ նման վիճակագրություն չի վարվում, տարածքային ընտրական հանձնաժողովներին նման պահանջ չի ներկայացվել, և նրանք գործել են օրենքի շրջանակում։
«Ենթադրում եմ, որ նույնպիսի պատասխան կլինի նաև այն հարցին, թե որ ուժի օգտին տրված ինչ քվեաթերթիկներ են ճանաչվել անվավեր», - հետաքրքրվեց Խուդոյանը։
Այս հարցին պատասխանեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նա հավաստիացրեց, որ անվավեր քվեաթերթիկներն արտահայտում են ընտրողի կամքը, իսկ այն փաստը, որ 637 տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում նախկինում անվավեր ճանաչված քվեաթերթիկների մի մասը ճանաչվել է վավեր, գնահատման հարց է։ Ըստ Ընտրական օրենսգրքի, քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելը գնահատում են հանձնաժողովի անդամները, հիշեցրեց ԿԸՀ նախագահը։
Խուդոյանը հարցրեց, թե քանի քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր այն պատճառով, որ դրանք ծալված են եղել, և արդյոք սա ընտրողների հետ ոչ բավարար աշխատանքի հետևանք է, այլ ոչ թե բողոքի ձև։ Դրան ի պատասխան Հովակիմյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգիրքը չի պահանջում նման վիճակագրություն վարել։
Source: https://news.am/hy/news/1046470