ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր է մեծացնել արևելյան թևում իր ներկայությունը։ Որոշումը կայացվել է Ռումինիայում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։

«Al Arabiya»-ին տված հարցազրույցում ծովակալն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն արդեն քայլեր է ձեռնարկում արևելյան սահմաններն ամրապնդելու ուղղությամբ և հավատարիմ է մնում անդամ բոլոր պետությունների տարածքների պաշտպանությանը։

Նրա խոսքով՝ դաշինքն աշխատում է նաև մի համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կմիավորի Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած տարածությունը։ Միևնույն ժամանակ, Դրագոնեն չի հստակեցրել, թե հատկապես ինչ ուժեր է նախատեսվում տեղակայել և ինչ ժամկետներում։

Հայտարարության առիթ է դարձել մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպը, երբ, Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով, անօդաչու սարքն ընկել էր Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքին։ Ռումինիայի իշխանությունները պատասխանատվությունը բարդել են Ռուսաստանի վրա։

Իր հերթին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ խոսքը, հավանաբար, ուկրաինական անօդաչու սարքի մասին է։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել՝ սարքի բեկորներն ուսումնասիրելուց հետո։

Source: https://news.am/hy/news/1040243