Ընտրության եմ եկել ակնկալիքով, որ այս շարունակական ողբերգությունների, պարտությունների, նվաստացումների շղթան վերջապես ավարտվի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7–ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը։
Նա ընտրությունների էր եկել կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի հետ։
Անդրադառնալով նրան, որ առավոտից ահազանգներ են ստացվում բազմաթիվ ընտրատեղամասերից, որ ՔՊ-ականները ուղղորդում են մարդկանց, Լևոն Քոչարյանն ասաց. «Շատ կարևոր եմ համարում ու նաև շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այդ ամեն ինչը արձանագրում են, պարզ քաղաքացիներից մինչև հատկապես լրագրողներ։ Մենք նաև ընտրարշավի ընթացքում, նախաընտրարշավի ընթացքում տեսանք այն խախտումները մասսայական ադմինիստրատիվ լծակների կիրառումը՝ սկսած հանրահավաքներին մարդկանց բերելուց, մինչև ուղղորդումներ, պարտադրումներ։ Այս ամեն ինչ շատ մտահոգիչ է, իհարկե, բայց կարծում եմ օրը ամփոփելուց հետո արդեն ավելի կոնկրետ օրվա հետ կապված գնահատական կտանք, որովհետև ընտրախախտումները կարծում եմ՝ շատ ժամանակ ոչ այնքան ընտրության օրն են կատարվում, որքան դրան նախորդող օրերին ու ժամանակաշրջանին»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է այլ երկրներից գումարով ընտրողներ բերելու մեղադրանքին, Լևոն Քոչարյանն ասաց. «Միայն դա չէ, կան նաև մեղադրանքներ հիբրիդային պատերազմի մասով, բայց իրականում դա իրենք են կազմակերպում և ոչ միայն նրանք, այլ այն երկրները, որոնք շատ ուժեղ ներգրավված են Հայաստանում ընտրական գործընթացներին։
Մյուս կողմից, եթե օրենքը չի արգելում, եթե դու ՀՀ քաղաքացի ես, անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, դու կարող ես գալ, քվեարկել։ Այստեղ ոչ մի անօրինական բան չկա։ Իրենք փորձում են վախեցնել մարդկանց, որ եթե գան, իրերնց կուղարկեն բանակ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Source: https://news.am/hy/news/1041649