«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստում՝ իր առաջին ելույթի ընթացքում, անդրադարձել է երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին։ Նա առաջարկել է ընդունել «հակասաֆարովյան օրենք», որը, նրա համոզմամբ, թույլ կտա և՛ խաղաղություն ապահովել, և՛ պահպանել Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը։

«Մեր շատ գործընկերներ ասում էին․ «Ինչո՞ւ եք լարում այս հարցի շուրջ իրավիճակը»։ Լավ, եկեք չլարենք։ Մենք առաջարկ ունենք․ այս հարցը կարելի է լուծել ընդամենը մեկ օրենքով։ Եկեք ընդունենք մի նախագիծ, որով Ադրբեջանի քաղաքացիները չեն կարողանա Հայաստանում մնալ 10 օրից ավելի, ինչպես նաև իրավունք չեն ունենա անշարժ գույք կամ հողատարածք ձեռք բերել մեր երկրի տարածքում։ Սրանով հարցը վերջնականապես կփակենք»,- նշել է Կարապետյանը։

Պատգամավորը նաև հավելել է, որ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գործում է նմանատիպ սահմանափակում, ինչի պատճառով մեր քաղաքացիներն այնտեղ հողատարածքներ գնելու իրավունք չունեն։

Կարապետյանը շեշտել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի ինչպես երկրի զարգացման, այնպես էլ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայրենակիցների վերադարձի համար։

«Սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաև հնարավոր ռիսկերը՝ թույլ չտալով Հայաստանում ադրբեջանցիների ժողովրդագրական ներկայության ձևավորումը»,- հավելել է ընդդիմադիրը։

Խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքով՝ վերջերս Ադրբեջանի կրթության և գիտության նախարարը հայտարարել է, որ «ադրբեջանցիների դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցը հիմնարար նշանակություն ունի նոր ազգային ինքնության ձևավորման գործում։ Պատգամավորի կարծիքով՝ «հակասաֆարովյան օրենքի» ընդունումն առանձնահատուկ կարևորություն է ունի։

Source: https://news.am/hy/news/1053191