2026 թվականին Հայաստանի դպրոցները կունենան 12-րդ դասարանի (լրիվ միջնակարգ կրթություն) շուրջ 22 հազար և 9-րդ դասարանի (հիմնական միջնակարգ կրթություն) 39 հազար շրջանավարտ։ Այս մասին մայիսի 21-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին։ «Մենք աշխատում ենք, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի օրը տոնական անցնի և առանց միջադեպերի», - հավելել է Անդրեասյանը։

Ի պատասխան սրան՝ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ որոշ ժամանակ անց «Վերջին զանգն» այլևս չի ասոցացվի ՆԳՆ աշխատանքի հետ։

Source: https://news.am/hy/news/1037237