Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հումանիտար համագործակցությանը և առաջարկում է շարունակել մշակույթի փոխադարձ օրերի և այլ համատեղ միջոցառումների անցկացման ավանդույթը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Երկուշաբթի Ռուսաստանի կառավարության ղեկավարն Եկատերինբուրգում «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում առանձին հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությանը և առաջարկում ենք շարունակել մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոների անցկացման ավանդույթը»,- հանդիպման ընթացքում ասել է Միշուստինը։

ՌԴ կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը, այդ թվում, կրթական երիտասարդական միջոցառումների մասին է։

«Լավ հնարավորություններ կան նաև մեր ուղիղ միջտարածաշրջանային կապերի ընդլայնման համար։ Պատրաստ եմ ձեզ հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ համալիրը»,- հավելել է վարչապետը։

Source: https://news.am/hy/news/1048154