Թեև հայաստանյան գովազդային շուկայում բլոգերներն այսօր ազդեցիկ դեր ունեն, իսկ նրանց ծառայություններից օգտվելու ծավալներն աննախադեպ մասշտաբների են հասնում, պետությանը վճարվող հարկերի մասով պատկերը չափազանց համեստ է։ Սա այն դեպքում, երբ հենց իրենք՝ բլոգերները, սոցիալական ցանցերի իրենց էջերում հաճախ են պարծենում հսկայական եկամուտներով ու շքեղ կյանքով։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ինտերնետային հարթակներում առավել հայտնի և համեմատաբար մեծ լսարան ունեցող 56 հարկ վճարողներ, որոնք միաժամանակ նույնականացվել են որպես ինֆլյուենսերներ, և որոնց մեծ մասը գործում է շրջանառության հարկի համակարգում, 2026թ. 1-ին եռամսյակի արդյունքներով հայտարարագրել են ընդամենը 27.9 մլն դրամ հարկ։
«ՀՀ ՊԵԿ վարչարարության արդյունքում Էրիկ Շահբազյանի (Instagram՝ 222 LAVA) մասով հայտնաբերվել է գովազդների ծառայության մատուցման ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրում։ Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ֆիզիկական անձ Անժելիկա Մանուկյանի (Instagram՝ Manukyann) մասով արձանագրվել է ապօրինի գործունեության փաստ»,- ասված է ՊԵԿ-ի պատասխանում։
Հարկային մարմնից միաժամանակ պարզաբանել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկ վճարողները, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր կամ կազմակերպություններ, կարող են իրականացնել մեկից ավելի գործունեության տեսակներ, սակայն հարկային հաշվարկները և հարկերը հայտարարագրում են միասնական կարգով, ուստի դրանք միանշանակ տարանջատել կամ վերագրել ըստ գործունեության տեսակների հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է հարկային հսկողությանը, ապա ՊԵԿ-ից հայտնել են, որ հարկային մարմինը հարկ վճարողների գործունեությունից, գործողություններից կամ անգործությունից և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի հիման վրա իրականացնում է համապատասխան հսկողություն բոլոր ոլորտներում և հարկ վճարողների մոտ։ Նշվածի շրջանակներում՝ առավել ռիսկային գնահատված և հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ինչպես ծանուցումների, այնպես էլ ինտերնետային կայքի և ԶԼՄ-ներում հրապարակումների միջոցով։
Source: https://news.am/hy/news/1046595