ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի, Ղրղզստանի նախագահի վարչակազմի ղեկավար, վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևի հետ, հաղորդում է «Интерфакс»-ը։

«Հուլիսի 5-6-ը Միխայիլ Միշուստինը աշխատանքային այց կկատարի Սվերդլովսկի մարզ՝ մասնակցելու «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին»,- հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

Հուլիսի 6-ին Միշուստինը ելույթ կունենա «Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների» խորագրով ցուցահանդեսի լիագումար նիստում։

«Լիագումար նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը»,- հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։

Միշուստինը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադիլբեկ Կասիմալիևի, Ալեքսանդր Տուրչինի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռուսաստանը կդառնա վերընտրվելուց հետո Փաշինյանի առաջին երկիրը գործնական այցի շրջանակում, մինչև այդ նա միայն այցելել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությանը։

Սվերդլովսկի մարզում նախատեսված միջոցառումներին կմասնակցեն նաև ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դենիս Մանտուրովը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը։

Source: https://news.am/hy/news/1047921