Հայաստանին ոչ թե զինվորական շքերթ է պետք, այլ զորավարժություններ, որոնք արդեն տևական ժամանակ է՝ չեն անցկացվում։ Այս մասին, անդրադառնալով մայիսի 28-ին նախատեսված զինվորական շքերթին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այս շքերթը գործող իշխանության համար յուրօրինակ նախընտրական PR է։ «Իշխանությունը PR-ի բազմաթիվ գործիքներ ունի՝ թոշակների բարձրացումից մինչև հազարավոր մարդկանց պարգևավճարներ բաժանելը։ Ու այս շքերթն էլ են փորձելու ժողովրդին ներկայացնել որպես սեփական ձեռքբերում»,- հայտարարել է Մարուքյանը։

Մինչդեռ, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի գնահատմամբ, երկրին ոչ թե շքերթ է պետք, այլ վարժանքներ։ «Մեզ զորավարժություններ են պետք, որպեսզի այն զենքը, որը ցույց են տալիս շքերթին, զինծառայողները կարողանան կիրառել գործնականում։ Հարևան Ադրբեջանը նախկինում բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել։ Իսկ Հայաստանը քանի՞ անգամ է զորավարժություն արել։ Դա հրապարակային տեղեկատվություն է, վերցրեք, նայեք։ Մեզ վարժանքներ են պետք, ոչ թե շքերթ»,- եզրափակել է նա։

Source: https://news.am/hy/news/1038423