Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ երեք երկիր Ռուսաստանին Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններում ներգրավելու ծրագիր է մշակում։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաներն այս գաղափարը քննարկում են իրենց ուկրաինացի գործընկերների հետ։

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները մտել են փակուղի, իսկ Ռուսաստանը ռազմաճակատում մեծ կորուստներ է կրում՝ առանց զգալի առաջխաղացման, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ հիմա հարմար պահ է Մոսկվային բանակցությունների սեղան նստեցնելու փորձ անելու համար։

Այսպիսով, նրանք հույս ունեն խուսափել Ուկրաինայի համար հերթական ցուրտ ձմեռվանից, քանի որ երկրի էներգետիկ համակարգի վրա ռուսական պարբերական հարձակումները կոտրում են ուկրաինացիների մարտական ոգին։

Միևնույն ժամանակ, Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի հետ բանակցությունների սեղան նստել-չնստելու հարցում վերջին խոսքը մնալու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Եվրոպացիները չեն ճնշելու Զելենսկուն, որպեսզի նա ընդունի մի ռազմավարություն, որին գուցե համաձայն չէ։

Գործակալությունը գրում է, որ առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ծրագրում է հնարավոր բանակցությունների հարցը քննարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններից չեն պատասխանել Bloomberg-ի՝ իրավիճակը մեկնաբանելու հարցմանը, իսկ Գերմանիայի կառավարությունից հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։

Չորեքշաբթի երեկոյան Զելենսկին իր սոցցանցերում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սթարմերի հետ։

«Մենք պատրաստվում ենք բանակցությունների ու հանդիպումների, և խոսքը վերաբերում է թե՛ մեր պաշտպանության համար անհրաժեշտ սպառազինությանը, և թե՛ Եվրոպայի հետ մեր ընդհանուր դիվանագիտությանը, որպեսզի մոտեցնենք պատերազմի ավարտը»,- գրել է Ուկրաինայի նախագախը։

«Եվրոպային միանշանակ պետք է սեփական ձայնը, սեփական դիրքորոշումն ու ներդրումն այն բոլոր դիվանագիտական ջանքերում, որոնք կարող են միտված լինել պատերազմի դադարեցմանը։ Մենք կոորդինացրել ենք մեր քայլերը՝ հենց այս արդյունքին հասնելու համար»,- հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1040829