ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկության էր եկել դստեր հետ. «Ակնկալիքս այն է, որ ինքը ապրելու է խաղաղ ու հարուստ երկրում»,–քվեարկությունից հետո ասաց նա լրագրողները հետ զրույցում։

«Կոչ եմ անում, որ բոլոր մեր քաղաքացիները նույնպես ամեն ինչ անեն, որ մեր երեխաները ապրեն խաղաղ, բաց ու ազատ երկրում»,–ասաց նա։

Անդրադառնալով ընտրակաշառքների վերաբերյալ բազմաթիվ ձայնագրությունների հրապարակմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեր ժողովրդի արձագանքն ակնհայտ է, ես որքանով հետևում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով։ Այն մարդիկ, որ չէին ուզում քվեարկել, այն մարդիկ, որ նույնիսկ տրամադրված էին քվեարկել այդ ուժերին, հիմա կամ զերծ են մնում, կամ շատ ակտիվ գնում են քվեարկելու։ Վստահ եմ, որ բացասական այդ ալիքը և ՀՀ անկախության և պատերազմի չլինելու կողմնակիցների համար էլ ավելի մեծ խթան է, որ գնան քվեարկեն։ Մեդալը երկու կողմ ունի, իսկ իրավապահներն աշխատում են և շատ խիստ են լինելու»։

Դիտարկմանը՝ արդյոք ընտրությունից 1-2 օր առաջ համատարած խուզարկությունները չեն վկայում իշխանությունների ունեցած վախերի մասին, կամ գուցե իշխանության ձեռքի տակ կան սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնք նման գործողությունների են մղում, ԱԺ նախագահն ասաց. «Այսինքն մենք այդ տվյալները ունենք, դուք չունե՞ք։ Իսկ վախը փող բաժանողների մոտ է, իրենք գիտեն, որ ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել։ Վախենում են այն մարդիկ, որոնք բանավեճի չեն գալիս, մենք ոչ մի բանից չենք վախենում»։

Անդրադառնալով նրան, որ իրենք Սերժ Սարգսյանին մեղադրում էին երրորդ ժամկետ գնալու մեջ, բայց հիմա Նիկոլ Փաշինյանն է գնում երրորդ ժամկետի, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, որտեղ կարող է տարին մեկ ընտրություն լինել. «Դուք համեմատում ենք նախագահական երկրի տրամաբանությունը խորհրդարանականի հե՞տ։ Այսինքն Սերժ Սարգսյանն էլ է երրրդ ժամկետի գնացել, Անգելա Մերկելը կամ Մարգարեթ Թետչերն է՞լ։ Այսինքն ժողովրդավար երկրների ավանդույթները համեմատեցիք նախագահական համակարգի հե՞տ։ Ես համակարգերն եմ համեմատում։

Պառլամենտական երկրում ԱԺ ընտրությունները 5 տարին մեկ են, բայց անցել է ընդամենը 8 տարի։ Ես նորմալ եմ համարում այն, ինչն օրենքով նախատեսված է։ Եթե օրենքով նախատեսված լինեռր, որ նախագահը կարող է երրորդ անգամ պաշտոնավարել, ես դա էլ նորմալ կհամարեի։ Այսինքն դուք համարում եք, որ խորհրդարանական երկրում կուսակցությունը երկու ժամկետ ընտրություններին մասնակցելուց հետո այլևս պետք է չմասնակցի ընտրությունների՞ն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

Source: https://news.am/hy/news/1041558