Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ մայիսի 29–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված բողոքի քննարկումը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ մայիսի 30–ին, ժամը 11–ին։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն առաջարկեց նիստը հետաձգել, որպեսզի ժամանակ տրվի իրեն և ԿԸՀ անդամներին՝ ավարտուն կարծիք ձևավորել։

Հիշեցնենք, որ օրերս «Լուսավոր Հայաստանը» դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։ Կուսակցության պնդմամբ՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ՝ խախտելով քաղաքական չեզոքության պահանջը։

«Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։

Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը։

Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասված է ԼՀԿ հաղորդագրությունում։

Source: https://news.am/hy/news/1039469