Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ և բարձր է գնահատել Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ ամերիկյան առաջնորդի «վճռական ջանքերը»։
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան «պատրաստ է լիովին աջակցել այդ ջանքերին» ինչպես Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված առաքելության շրջանակներում, այնպես էլ «փորձագիտական գիտելիքներ ու ռեսուրսներ տրամադրելով սպասվող ավելի լայնածավալ բանակցությունների, մասնավորապես՝ համաձայնագրի միջուկային բաղադրիչի համար»։
X սոցիալական ցանցի իր էջում կատարած հրապարակման մեջ Մակրոնը նաև նշել է, որ Թրամփի հետ քննարկել է Լիբանանում «հաստատուն հրադադարի» հասնելու անհրաժեշտությունը։
«Ես ողջունեցի նրա վճռական ջանքերը, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի շուտափույթ կնքմանը։ Այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու համար, ինչը թույլ կտա տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովել։
Ես նշեցի, որ մենք պատրաստ ենք լիովին աջակցել այդ ջանքերին և մեր զգալի ավանդը ներդնել դրանց իրագործման գործում։ Հենց դրան է ուղղված միջազգային այն առաքելությունը, որը մենք ձևավորել ենք Մեծ Բրիտանիայի և մեր գործընկերների հետ համատեղ. այն պատրաստ է տեղակայվել համաձայնագրի կնքումից անմիջապես հետո՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը նպաստելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել մեր փորձագիտական գիտելիքներն ու ռեսուրսները սպասվող ավելի լայնածավալ բանակցությունների, մասնավորապես՝ ապագա համաձայնագրի միջուկային բաղադրիչի համար։
Ի վերջո, ես բարձր գնահատեցի Լիբանանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործի հանդեպ նախագահ Թրամփի հանձնառությունը, ինչպես նաև ընդգծեցի հաստատուն հրադադարի ապահովման և լիբանանյան իշխանություններին մեր համատեղ աջակցության կարևորությունը»,- նշել է Մակրոնը։
Source: https://news.am/hy/news/1040017
World
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրանի շուրջ գործարքի վերաբերյալ Թրամփի ջանքերին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։